Եթե որեւէ մեկը խախտում թույլ տա, հետեւանքը վրա կհասնի. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ժամանակ է իրականացնում վերահսկողություն։ Ընտրությունների կազմակերպման, ազատ, անկախ և թափանցիկ լինելու համար պատասխանատու է ընտրածքային ընտրական հանձնաժողովը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մինչև քարոզարշավը կուսակցություններն ու գործիչները ազատ են քարոզչություն կատարելու մեջ։ Բոլորի մոտ թյուրըմբռնում կա, որ քարոզչություն պետք է անել միայն քարոզչության մեկնարկի հետ միասին։ Թեկնածուները կարող են 5 տարի շարունակ քարոզչություն կատարել։ Քարոզչությունը ավարտվում է ընտրությունների ավարտման հաջորդ օրվանից։ Ընտրական օրենսգրքով միակ սահմանափակումը ֆինանսական հաշվետվությունը ցույց տալն է»։
Հովակիմյանը նաև հավելեց, որ ընտրությունների ընթացքում, եթե որևէ քաղաքական ուժ օրենքի խախտում թույլ կտա, հետևանքը անմիջապես վրա է հասնելու՝ օրինակ բերելով Գյումրու ընտրությունները, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել էր, որ պաստառները փակցնելու հետ խնդիր կար:
«Քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերը հապաղում էին պաստառները փակցնել ըստ վիճակահանության։ Մոտ 5 օր հետո խնդիրը կարգավորվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջնորդությամբ, երբ ընտրատարածքային հանձնաժողովը չէր հասցնում լուծել հարցը»,-նշեց նա
Իսկ հարցին, թե ինչու ՔՊ-ն չի համակերպվում Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հետ, Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Ընտրական համակարգը, ընտրություններից հետո քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացների հետ որևէ առընչություն չունի։ Քաղաքական գործիչները ազատ են իրենց արտահայտություններում»։


