Եթե կառավարությունում նստած մարդը չի կարողանում կամ չի ուզում լուծել գերիների հարցը, պետք է գնա. Լիլիթ Բլեյան
Սա է այն հասցեն, որտեղից հայ հանրությունն ունի պահանջելիք։ Գերիների խնդիրները բարձրաձայնելու, նրանց ազատությանը հասնելու համար Հայաստանում գոյություն ունի այս հացեն՝ կառավարությունը, որտեղ սուպերվարչապետության տակ կենտրոնացած են բոլոր գործիքները: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց երգահան, երգչուհի Լիլիթ Բլեյանը։
Ըստ նրա, եթե կա անգործունեություն, ապա դա նույնպես այդ սուպերվարչապետի հրահանգով է։
«Վաղուց պետք է այստեղ լինեինք։ Այն, որ մեզ անընդհատ տանում են տարբեր ուղղություններով, այդ ամենը կարևոր է, բայց միակ հասցեն, որտեղից պահանջելու բան ունենք, այս շենքում է գտնվում։ Եթե այն մարդն, ով այս շենքում է գտնվում, չի կարողանում գործադրել իր իշխանությունը, կամ չի ուզում, կամ չգիտեմ ինչով է առաջնորդվում որոշումներ կայացնելիս, ուրմեն ինքը պետք է գնա այնտեղից, որպեսզի գան այն մարդիկ, ովքեր կկարողանան պաշտպանել քաղաքացիներին»,- ասաց Լիլիթ Բլեյանը։
Նշենք, որ այսօր ԱԳՆ մոտ, ապա կառավարության մոտ բողոքի ակցիաներ էին՝ բարձրաձայնելու Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մյուս գերիների հարցը, մասնավորապես Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ով հացադուլ է հայտարարել, ու հրապարակված լուսանկաներից երևում է, որ խոշտանգվել է։