Եթե հայ ժողովուրդը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրել Եվրամիությունը, չենք կարող դեմ լինել. Լուկաշենկո
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական միությունից: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն:
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է երկրների փակ նիստում, և ստորագրվել է համապատասխան հայտարարություն, որում նշվում է, որ խորհրդի անդամներն աջակցում են Հայաստանի ղեկավարության՝ այս հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ցանկությանը։
«Մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը։ Եթե ժողովուրդը նման որոշում կայացնի և համաձայնի դուրս գալ այն միությունից, որի մաս է կազմում, և միանալ Եվրամիությանը, մենք չենք կարող դեմ լինել հայ ժողովրդի կամքին»,-ասել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները ԵԱՏՄ անունից ընդունված համատեղ հայտարարությունում ուրվագծվել են Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին կապված ռիսկերը։
Փաստաթղթում նշվում է, որ որոշումը կապված է նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից 2025 թվականին «Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ստորագրման հետ։
Նշենք նաև, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին՝ հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների ազգային շահերը։ Գրիգորյանի խոսքով՝ Երևանը բազմիցս վերահաստատել է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության իր հանձնառությունը։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մայիսի 27-ին հայտարարել է, որ քաղաքացիները պետք է իրենք որոշեն՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ մոտենալ Եվրամիությանը։ Նա նշել է, որ կառավարության խնդիրն է ապահովել, որ երկիրն ունենա ընտրության հնարավորություն։


