հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024

Եթե անգամ բոլոր ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեն իրենց մանդատներից, ոչ մի բան չի փոխվելու. Խաչատրյան

«Չեմ կարող կանխատեսել, թե նրանց վարքագիծը ինչպիսին կարող  է լինել, կարծում եմ՝ իրենք էլ հստակ կանխատեսումներ չունեն իրենց վարքագծի  վերաբերյալ։ Տեղեկացա, որ Արթուր Վանեցյանը մանդատը վայր է դրել, որքանով հիշում եմ,  նախքան փողոցային ակցիաներ կազմակերպելը  խոստացել էր, որ ԱԺ չի վերադառնա այլևս»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

«Մարդը, եթե մանդատը վայր է դնում, լքում է իր աշխատանքի վայրը, դրա համար կարղ է հիմք ծառայել մի հանգամանք, որ ինքը գտնում է այլևս անելիք չունի այդ աշխատանքի վայրում կամ  մանդատն իրեն այլևս պետք չէ։ Հետևաբար, այս նկատառումներից ելնելով երևի հրաժարվել է մանդատից,- մեկնաբանելով Արթուր Վանեցյանի մանդատից հրաժարվելու հանգամանքը նշեց պատգամավորը։

«Եթե Արթուր Վանեցյանը խորհրդարանում քաղաքական պայքարի շարունակություն չի տեսնում, ապա  շատ վաղուց իրենք պետք է չհայտնվեին այստեղ, չպետք է մասնակցեին պառլամենտական ընտրություններին։ Պառլամետական ընտրություններին մասնակցելիս  հազարավոր անգամներ ասվել է ՝ այ որ ընտրվենք, լինենք պատգամավոր, այս ենք անելու, այն ենք անելու, պլաններ են ներակայացրել, բայց այսօր նաև նրանք խաբում են իրենց ընտրողներին, մարդիկ ընտրել են, որ տեսնեն այս մարդկանց պառլամետի նստարաններին խնդիրներ քննարկելիս, և նաև կարծում եմ խաբված են նախ և առաջ նրանց ընտրողները»,- ընդգծեց Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ նիստերին չներկայանալը Խաչատրյանը որակեց իբրև քայլ՝ ուղղված պետության դեմ, այլ ոչ իշխանության․ «Պետական ամենակարևոր մարմիններից մեկը ԱԺ-ն է՝ օրենսդիր մարմինը, և եթե ընդդիմության գործողություններն ուղղված են այդ մարմնի բնականոն աշխատանքին, ապա ուղղված են պետության դեմ։ Ամեն փորձ արվում է  պառլամենտը թուլացնելու, լեգիտիմությունը իջեցնելու և դրանով քաղաքական ճգնաժամ ստեղծելու համար։ Բայց, քանի դեռ չկա  իրավական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ չի կարող լինել, որովհետև եթե անգամ բոլորը հրաժարվեն իրենց մանդատներից ոչ մի բան չի փոխվելու, պառլամենտը շարունակելու է իր աշխատանքները»։

 Ժողովուրդն ընտրել է իր պատգամավորներին, քաղաքական ուժին , այժմ էլ թող տեսնի պատկերն ինչպիսին է և գնահատական տա։ Նրանք, ովքեր ընտրել են, գուցե այսպե՞ս են ուզել,  որ նրանք աշխատանքի  չգան, բոյկոտներ անեն և հնարավորինս վնասեն պետականությունը։ Թող գնահատականը տան ընտրողները, ընդգծեց պատգամավորը։

Արմեն Խաչատրյանը  նշեց նաև․ «Նիստերից բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարցը օրակարգում է, բոլորին է  հուզում և տարբեր մակարդակներում  քննարկումներ են տեղի ունենում։ Անձամբ իմ կարծիքով, չարժե մանդատներից զրկել՝ դրանով որևէ բան չի փոխվի,  դրական տեղաշարժ չի լինի»։

Նրա  համոզմամբ, ընդդիմադիր պատգամավորները պետք է գան ԱԺ և շարունակեն իրենց պառլամենտական գործունեությունը․ «Նրանց աշխատանքի վայրը պառլամետն է և դրա համար նրանք փող են ստանում պետությունից։ Բացառված չէ, որ որոշում կկայացվիի մանդատից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ»։

  • Կիսվել: