Էստոնիան ՀՀ-ում դեսպանություն է բացել՝ այնտեղ տեղափոխելով Վրաստանում աշխատանքը դադարեցրած իր դեսպանին. աղբյուր
Էստոնիան պաշտոնապես դեսպանություն է բացել Երևանում՝ այնտեղ տեղափոխելով իր դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին՝ Վրաստանում նրա աշխատանքի դադարեցումից հետո։ Այս մասին տեղեկացնում է Նովոստի-Գռուզիա-ն։
Նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումը տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնայի մասնակցությամբ։ Տալինում այս իրադարձությունն անվանել են «վստահության, հանձնառության խորհրդանիշ և նոր գլուխ Էստոնիայի ու Հայաստանի հարաբերություններում»։
Մարգե Մարդիսալու-Կահարը մարտի 10-ին ավարտել է իր առաքելությունը Վրաստանում։ Այս պահին Թբիլիսիում Էստոնիան ներկայացնում է գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։
Տալինը Կահարի աշխատանքի դադարեցման որոշումը բացատրել է Վրաստանի կառավարության հետ հարաբերությունների սառեցմամբ և միաժամանակ Հայաստանի հետ շփումների ամրապնդմամբ։ Էստոնիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երկրի իշխանությունների՝ ժողովրդավարական սկզբունքներից «համակարգված օտարման» պատճառով վրացական ինստիտուտներին աջակցությունն այլևս իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ։
Իր հերթին Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին ասել է, որ այս որոշման մեջ «առանձնահատուկ ոչինչ» չկա։ Նրա խոսքով՝ Էստոնիան պաշտոնապես չի ծանուցել իրենց դեսպանի տեղափոխման մասին։
Նշենք, որ այս պահին Վրաստանը դեսպան չունի Էստոնիայում։


