Ես Վահագն Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ, ես իրեն համարում եմ ինձ ընկեր. Անդրանիկ Քոչարյան
Ես Վահագն Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ, ես համարում եմ իրեն ինձ ընկեր, իր հետ ճանապարհ եմ անցել նաև մարտի 1–ի դեպքերը ուսումնասիրության ընթացքում, բարձր եմ գնահատում իր ազնվությունը, բացառիկ ազնիվ անձնավորություն է Վահագնը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ՍԴ–ից, որը վաղը պետք է հրապարակի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների վերաբերյալ իր որոշումը։
«Եթե կան թերություններ, դրանք տեխնիկական են, Սահմանադրական դատարանը այդ ամենը պետք է հաշվի առնելով կայացնի իմաստուն իրավական որոշում»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների իր որդուն վերջերս կանչել են վարժական հավաքի՝ պարզվել է, որ ծառայության ենթակա չէ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իմ որդին պատերազմ անցած է, պատահական չէ Վազգեն անունը, որ դրել եմ, և պատահական չէ, որ ինքը պետք է այդպես էլ շարժվեր։ Ինքը 44-օրյա պատերազմի մինչև վերջին օրը մասնակցած հայորդի է, և ես հպարտանում եմ իրենով։ Պարզ է, չէ՞, որ պատերազմ անցած տղան չի կարող խուսափել, եթե առաջարկը լինի։ Բայց առաջարկից հետո գնում է բուժզննություն, դրանից ամիսներ առաջ իմ տղան ուսահոդի շատ ծանր վիրահատություն է տարել։ Երբ հաջորդ առաջարկը կլինի պաշտպանական գերատեսչության կողմից, ինքը նորից կանցնի բուժզննություն, և եթե ամեն ինչ նորմալ է, ինքը անպայման կգնա այդ հավաքներին, մի կասկածեք»։



