Ես պիտի ուղիղ ասեմ ձեզ, հարգելի դատավորներ՝ բոլոր այն հարցերը, որոնք ուղղված են ձեզ, բոլոր այդ հարցերին պատասխանում եմ ես. Փաշինյան
Քաղաքական և հանրային մակարդակում որոշակի բանաձևեր կան, որոնց պատասխանելու կարիք ունեն բոլորը: Այս մասին այսօր Հայաստանի դատական իիշխանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը:
«Որովհետև մեր իրականության մեջ կարող են փաստացի գոյություն ունենալ այնպիսի հարցադրումներ, ինչպես, օրինակ՝ արդյոք օրինականությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունը ճշմարտությունն է, արդյոք ճշմարտությունն իրականությունն է: Սրանք հարցեր են, որոնք կարող են շատ տեսական և փիլիսոփայական թվալ, բայց իրականում այս հարցերն ունեն իրական ազդեցություն իրական մարդկանց իրական կյանքում, այդ թվում՝ գործադիր իշխանության ամենօրյա աշխատանքի համար»,-նշեց նա:
Վարչապետը հավելեց, որ գործընկերների հետ շփվելիս անընդհատ փորձում է ընկալում ձևավորել մի պրոբլեմի վերաբերյալ, որն իր մաշկի վրա զգում է ՀՀ Կառավարությունը:
«Պիտի խոստովանեմ, որ ինքս էլ եմ զգում, որովհետև Հայաստանում որոշ առումով սուբյեկտիվ, ինչ-որ առումով նաև հասկանալի ընկալում կա, որ արդարության և արդարադատության իրավիճակի վերաբերյալ հարցերը հիմնականում և մեծ մասամբ ուղղված են Կառավարությանը և մեծ մասամբ ուղղված են անձամբ վարչապետին: Ինչո՞ւ է այս մեկը կալանավորված, ինչո՞ւ այն մեկը կալանավորված չէ, ինչո՞ւ է այս մեկը դատապարտված, ինչո՞ւ այն մեկը դատապարտված չէ, ինչո՞ւ այս վճիռը կայացվեց և ինչո՞ւ այն վճիռը չկայացվեց:
Ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, այդ հարցերը տալ և պատասխանները ստանալ: Բոլորն այդ հարցերի հետևից գալիս են Կառավարություն, քաղաքական իշխանությանն են դիմում, և սա ինչ-որ առումով կարող է ընկալվել որպես պետական համակարգի աշխատանքի թյուրըմբռնման արդյունք: Բայց մյուս կողմից էլ այստեղ կա իրականություն և օբյեկտիվություն, որովհետև այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն է ընտրությունների ընթացքում ուղենշում այն խնդիրները, որոնք առաջիկա ժամանակաշրջանում պետական կառավարման համակարգը պետք է իրականացնի և իրագործին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօրվա մեր պետական կառավարման համակարգն ունի մի կարևոր առանձնահատկություն:
Վարչապետն ընդգծեց, որ որևէ այլ պետական մարմին ժամանակ առ ժամանակ չի գնում ժողովրդի մոտ և նրա առաջ պատասխանում հարցերին, մանավանդ այսօր, երբ համապետական ընտրությունները վերաբերում են միայն օրենսդիր և որպես արդյունք՝ գործադիր իշխանության ձևավորմանը: «Ես պիտի ուղիղ ասեմ ձեզ, հարգելի գործընկերներ և հարգելի դատավորներ, դա ուղիղ իրականություն է, բոլոր այն հարցերը, որոնք ուղղված են ձեզ, բոլոր այդ հարցերին պատասխանում եմ ես: Ես սա չեմ ասում որևէ հետևության համար, ես ասում եմ որպես իրողություն, որի վերաբերյալ նույնպես պետք է դիրքորոշում որդեգրենք, դա ճի՞շտ է, որ այդպես է, թե դա սխալ է, որ այդպես է: Եթե ճիշտ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պետք է օգնեք, որ ես այդ հարցերի պատասխանները տամ: Եթե սխալ է, որ այդպես է, ուրեմն դուք ինձ պիտի օգնեք, որ այդ հարցերը չհնչեն, ինձ այդ հարցերը չհասցեագրվեն»,-ասաց Փաշինյանը: