Ես ինչո՞ւ կաշկանդված պետք է լինեմ, ես գնալու եմ Մյուռոնօրհնեքին, թող իրենք չգնան. Օհանյան
Ես եւ մեր խմբակցությունից մի քանի պատգամավորներ ստացել ենք հրավերներ՝ մասնակցելու Մյուռոնօրհնեքի արարողությանը, եւ մենք կմասնակցենք: Այս մասին, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ես չգիտեմ՝ ինչպես է ընտրվել: Կարծեմ այնտեղ բոլոր պատգամավորները չեն հրավիրված, հրավիրված է խորհրդի ղեկավար կազմից եւ մի քանի ճանաչված պատգամավորներ»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպես է գնահատում, որ այդ արարողություններին հրավիրված են նաեւ իշխանության ներկայացուցիչները, Օհանյանն ասաց. «Ես Հայ առաքելական եկեղեցին հարգում եմ, Ինքս հավատավոր եմ, քրիստոնյա եմ եւ գտնում եմ, որ մեր եկեղեցու որոշումները համահունչ են այն իրականությանը, որը կա: Ես չեմ քննարկում, թե իրենք ինչ են որոշել, ինչու են հրավիրել եւ այլն: Բայց այն, որ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվում է հայ ժողովրդին ոչ վայել որոշակի ոչ վայել, ոչ բարոյական շարժումներ, գործողություններ, ինձ համար դա անընունելի է»:
Հարցին՝ իրեն չի՞ կաշկանդում, որ իշխանության ներկայացուցիչների հետ միասին ներկա է լինելու նույն միջոցառմանը, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն արձագանքեց. «մենք տարբեր միլիոնավոր միջոցառումներում ենք գտնվում միաժամանակ, նույն ԱԺ-ում, նույն նիստերի դահլիճում նստած աշխատում ենք: Ինչո՞ւ պետք է ես կաշկանդվեմ այն հոգեւոր, եկեղեցական միջոցառմանը, իշխանությունը լինի, իսկ ես չլինեմ, թող իրենք չլինեն: Ես իմ պարտքը կատարելու եմ եւ գնալու եմ»: