հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ես հանդես եմ գալիս որպես քաղաքական գործիչ, որը հումորի միջոցով փորձում է հասցնել իր մեսիջները. Մարության

Ես հանդես եմ գալիս որպես քաղաքական գործիչ, որը հումորի միջոցով փորձում է հասցնել իր մեսիջները. Մարության

Մենք համոզմունք ունենք, որ անցողիկ շեմը հաղթահարելու ենք և լուծելու ենք մեր նախընտրական ծրագրի մինիմումը, այսինքն՝ հայտնվել խորհրդարանում, որպեսզի ընդդիմափոխություն լինի, և բարձրացվի քաղաքական խոսքի մակարդակը։ Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է տեսնում իշխանափոխությունն ընտրությունների միջոցով՝ Մարությանն ասաց. «Ես հույսեր եմ փայփայում, որ այդ օրը կլինի։ Հունիսի 7-ին այդ շանսը կա, շատ բան է կախված մեր ժողովրդից։ Եթե ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներից գոնե 60-70 տոկոսը մասնակցի ընտրություններին, վստահ եմ, որ իշխանափոխություն կլինի»։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը հստակ ծրագիր ունի արցախցիներին վարկաբեկելու։ Ըստ Մարությանի՝ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ արցախցիների հետ վերադարձի իրավունքը ոչ ոք չի կարող վերցնել, միջազգային ատյանների միջոցով միշտ կարող են իրենց իրավունքն իրացնել։

Մարությանը խոսեց նաև սոցիալական ցանցերում իր հումորային տեսանյութերի և քաղաքական փորձի բացակայության մասին: Այս առնչությամբ նա նշեց. «Ես հանդես եմ գալիս ոչ թե որպես դերասան, այլ քաղաքական գործիչ, որը հումորի միջոցով փորձում է հասցնել իր մեսիջները։ 18 թվականի ընտրությունների շնորհիվ ժողովուրդն ինձ թույլ է տվել 3 տարի կառավարել Հայաստանի մայրաքաղաքը, դա բավականին մեծ փորձ է ինձ համար»։

Հայկ Մարությանը նաև թվարկեց իշխանությունների աններելի քայլերը, որոնք, ըստ նրա, հեղափոխության ժամանակ հնչած խոստումներն են, որոնք չեն կատարվել, ինչպես նաև՝ Արցախյան խնդրի տապալումը։

«Փաշինյանը պետք է հրաժարական տար Արցախի կորստից հետո, պինդ կպել է աթոռին, կարծես մեղր է քսած»,-իր խոսքն ամփոփեց Մարությանը:

  • Կիսվել: