կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես արդեն հրավիրել եմ Հայաստանի ԱԺ նախագահին այցելել Պրահա. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ

Ես արդեն հրավիրել եմ Հայաստանի ԱԺ նախագահին այցելել Պրահա. Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ քննարկեցինք մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, նաեւ մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը, առեւտրաշրջանառությունը, ինչպես նաեւ համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Այս մասին, այսօր Երեւանում Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նաեւ տեղի ունեցավ իմ եւ Ադամովայի առանձնազրույցը, որի ընթացքում նույնպես քննարկեցինք տարածաշրջանային եւ մեր հարեւանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Մեր հյուրն այստեղից ուղեւորվելու է հարեւան երկիր եւ դևրա հետ կապված մենք նույնպես քննարկումներ ունեցանք:

Ես ողջունում եմ մեր գործընկերոջ այցը այստեղ: Ես տեղեկացա, որ առաջին անգամ չէ, որ մեր հյուրն այցելում է Հայաստան: Այստեղ տարիներ առաջ եղել է եւ արձանագրում է մեծ փոփոխություններ, որ տեղի են ունեցել:

Պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ մենք ձեւավորել ենք բավականին լավ միջանձնային հարաբերություններ, որի համար ես շնորհակալ եմ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Իր հերթին Մարկետա Պեկարովա Ադամովան նշեց, որ բեղմնավոր երկկողմ հանդիպում է ունեցել հայաստանի ԱԺ նախագահի հետ:

«Այո, ես տարիներ առաջ եղել եմ այստեղ եւ հաճելի հիշողություններ ունեմ Երեւանից: Ես որպես կամավոր էի Հայաստանում, ժամանակ եմ անցկացրել այստեղ, եւ կարող եմ համեմատել ու ասել՝ շատ է զարգացել Երեւանը:

Չեխիան Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ եւ մենք միանգամայն աջակցում ենք ձեր՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին: Մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ, ներառյալ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում:

Մենք համագործակցում ենք նաեւ երկկողմ մակարդակում, մեր երկրների խորհրդարանները կարող են համագործակցել տարբեր ոլորտներում:

Ես արդեն հրավիրել եմ Հայաստանի ԱԺ նախագահին այցելել Պրահա:

Մենք հիմա աշխատում ենք փոխադարձ տնտեսական հարաբերությունների վրա, եւ այդ կապակցությամբ մեր պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: Ինձ ուղեկցում են նաեւ ներկայացուցիչներ երկու համալսարաններից, ինչպես նաեւ պատվիրակության անդամներից մեկը ներկայացնում է մեր առեւտրի նախարարությունը: Սա նշանակում է, որ տեղ կա բարելավելու մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները»:

Մարկետա Պեկարովա Ադամովան նաեւ ուրախությամբ նշեց, որ Երեւանում ցուցասրահ է բացելու, որը կներկայացնի Չեխիայի մշակութային ժառանգությունը:

  • Կիսվել: