Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։
Իրանի ԱԳ նախարարն այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է բարձր համարում Հարավային Կովկասում էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման մասին Հայաստանի և Ադրբեջանից հնչած հայտարարություններից հետո Բաքուն սկսեց նոր նախապայմաններ առաջ քաշել համաձայնագրի ստորագրման համար և կեղծ տեղեկություններ տարածել սահմանին հայկական զինված ուժերի կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ։
«Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, և մենք հուսով ենք, որ երկու երկրների կողմից հնարավորինս շուտ վերջնական որոշում կկայացվի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։
Գտնում ենք, որ Հարավային Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայնությունը շատ կարևոր է, այդ հարցը շատ կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար, և հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն, և այդ համաձայնագիրը կստորագրվի։
Ինչպես դուք նշեցիք, էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, և մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն, և մենք ականատես կլինենք տարածաշրջանի կայունությանը, որը բխում է բոլորի շահերից»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը։