Երևանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, սակայն Բաքվի կողմից պատրաստակամություն չի տեսնում․Միրզոյան
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման ժամկետների և տեղի վերաբերյալ, սակայն նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվի կողմից չի լսել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման վերաբերյալ։
«Պաշտոնական Երևանն առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում։ Կհարցնեք, թե ի՞նչ պետք է անել։ Պետք է շարունակել աշխատել, բանակցել, գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, արժանապատիվ լուծումներ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ, այլընտրանք ուղղակի չկա։ Այս պահին, այո, չկա ըմբռնում, թե որտեղ և երբ պետք է ստորագրվի։ Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։