հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանում հանդիսավորությամբ բացվեց Իսպանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսությունը

Երևանում հանդիսավորությամբ բացվեց Իսպանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսությունը

Երևանում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Իսպանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսության բացման արարողությունը։ Պատվավոր հյուպատոս Աշոտ Փարսյանը համատեղության կարգով նաև Գվատեմալայի Պատվո հյուպատոսն է Հայաստանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աշոտ Փարսյանը նշեց, որ Պատվավոր հյուպատոսության գլխավոր առաքելությունը ոչ միայն Իսպանիայի քաղաքացիներին ցուցաբերվող աջակցությունն է Հայաստանում, այլև երկու երկրների միջև տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը։

«Ձգտելու ենք բարձրացնել Իսպանիայի ճանաչելիությունը մեր երկրում՝ հանդիսանալով ինտենսիվ գործող կամուրջ երկու երկրների միջև։ Պատվո հյուպատոսությունն ունի իր նախապատմությունը։ Ես հանդիսանում եմ Հայաստանում իսպանական կենտրոնի հիմնադիր նախագահը։ Այս կառույցն ավելի քան 20 տարի ակտիվ աշխատանքներ է իրականացնում Հայաստանում՝ խորացնելով կապերն իսպանախոս աշխարհի հետ։ Մենք շարունակելու ենք նույն առաքելությունը։ Այս շենքում արդեն իսկ գործում են Cenro Hispano կենտրոնն ու գողտրիկ իսպանական ռեստորանը ավանդական ուտեստներով, հիմա դրանց միացավ նաև Պատվո հյուպատոսությունը։ Այստեղ կան նաև թանգարանային նմուշներ, որոնք այցելուներին որոշակի պատկերացում են տալիս իսպանական մշակույթի մասին։ Մեզ մոտ հաճախակի կազմակերպվում են նաև հետաքրքիր միջոցառումներ»,- ասաց Փարսյանը։

Նրա կարծիքով՝ վիզաների ազատականացումը մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու մարդկանց ավելի ազատ տեղաշարժին՝ ակտիվացնելով երկուստեք այցելությունները։ 

«Իսպանացիները Հայաստան այցելելու հետ կապված խնդիրներ չունեն, պարզապես ցանկանում ենք նաև Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնել՝ խթանելով զբոսաշրջությունը, որպեսզի ավելի շատ թվով Իսպանիայի քաղաքացիներ ժամանեն մեր երկիր։ Վիզաների ազատականացումը կարևոր է նաև Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես հայ գործարարների համար, ովքեր ավելի ազատ գործունեություն կծավալեն եվրոպական երկրներում։ Վերջերս իսպանացի գործարարների մի ստվար պատվիրակություն այցելել էր Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի տնտեսական ներուժին, որն իսպանացիների համար ունի նաև ներդրումային գրավչություն։ Համագործակցության սկզիբը դրված է, իսկ օգուտը բոլորը կտեսնեն մոտ ապագայում»,- ասաց Փարսյանը։  

ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսն իր ելույթում նշեց, որ իսպանական կողմի համար մեծ պատիվ է Պատվավոր հյուպատոսություն բացել մի երկրում, որը լի է ոգով և կրում է հազարամյա պատմություն և մշակույթ։ 

«Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերություններն ամուր են։ Մենք շատ ընդհանրություններ ունենք, կիսում ենք շատ արժեքներ և սկզբունքներ։ Մենք նախընտրում ենք մշակույթն ու կրթությունը՝ մեր հարաբերությունները և մեր մոլորակի ապագան ոգեշնչելու համակեցության, հարգանքի և խաղաղության մեջ։ Մենք այստեղ ենք՝ նաև հատուկ հարգանքի տուրք մատուցելու այն մարդուն, ով երկար ժամանակ աշխատել է Հայաստանի և Իսպանիայի միջև կամուրջ կառուցելու ուղղությամբ՝ ամրապնդելով մշակութային, լեզվական, մարդկային և սոցիալական կապերը։ Դուք բոլորդ ճանաչում եք մեր հյուպատոս Աշոտ Փարսյանին՝ հաջողակ մի մարդու, ով նվիրված է իսպանական կենտրոնին, որը նա ստեղծել է 22 տարի առաջ, և որտեղ երեխաները կարողացել են անվճար սովորել իսպաներեն։ Նրա համեստ նախաձեռնությունը հետագայում նպաստեց միջազգային հարաբերությունների զարգացմանը»,- նշեց Իսպանիայի թագավորության դեսպանը։

Նրա դիտարկմամբ՝ հենց իրական փոքր քայլերով է կառուցվում միջազգային հարաբերությունների ամբողջ ցանցը։ Դիվանագետի գնահատմամբ՝ դա ավելին է եղել, քան պարզապես կրթական խնդիր և դարձել է մշակութային կամուրջ, որը բացել է իսպաներեն լեզուն և մշակույթը բազմաթիվ հայերի համար։

«ՀՀ շատ քաղաքացիներ այժմ ցանկանում են այցելել Իսպանիա։ Ամռանը մենք կունենանք նոր ուղիղ օդային կապ Երևանի ու Ալիկանտեի միջև։ Այնպես որ, խնդրում եմ, ձեռք բերեք ձեր տոմսերը և սկսեք թռչել դեպի Իսպանիա։ Բայց նախ եկեք այստեղ՝ մի փոքր իսպաներեն սովորելու համար։ Եվ ես վստահ եմ, որ սա կնպաստի երկարատև հարաբերությունների ամրապնդմանը Հայաստանի և Իսպանիայի միջև»,- ասաց դեսպանը։

  • Կիսվել: