Երևանում 26-ամյա վարորդը BMW-ով բախվել է Honda-ին, այնուհետև՝ ծառին և բախվել կառավարության մասնաշենքի պատին. կա վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Հովսեփյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ 1 հասցեի դիմաց՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, բախվել է Երևանի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Մարտիրոսյանի կողմից կայանված Honda մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝ բախվել կառավարության մասնաշենքի պատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։


