հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում, երևի բոլորում արդյունքները կվերահաշվարկվեն. ԿԸՀ նախագահ

Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում, երևի բոլորում արդյունքները կվերահաշվարկվեն. ԿԸՀ նախագահ

Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ 2005 տեղամասից ընդամենը հինգի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ, տողեր են «թռցրել», մարդկային գործոն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Մեր արձանագրությունները կան, հրապարակված են, այսինքն՝ նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պետք է ճշգրտվեն: Այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ է իրականացվում: Վերահաշվարկի պատշաճ դիմում մենք շատ քիչ ենք ստացել, կարող եմ դա ասել: Վերահաշվարկի դիմում ստացել ենք երեք ուժից՝ «Բարգավաճ Հայաստան»,  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք և «Միասնության թևեր»,-նշել է նա։ 

Հովակիմյանն ասել է՝ չնայած նրան, որ պատշաճ դիմումներ քիչ են ստացել,  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, իրենց նախաձեռնությամբ սկսել են վերհաշվարկներ իրականացնել:

«Մենք, ըստ էության, Երևանում ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում, երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև «Միասնության թևեր» կուսակցության թեկնածուն այդպես է ցանկացել»,-մանրամասնել է ԿԸՀ նախագահը։

Նա հավելել է, որ վերահաշվարկի համար ժամանակ ունեն մինչև ուրբաթ, ժամը 14:00-ն և ֆիզիկապես փորձելու են հնարավորինս հասցնել, ամբողջ ծավալն իրականացնել:

  • Կիսվել: