Երևանի եկամուտները եռապատկվել են, բայց կա թերհավաքագրում. քաղաքապետը հանձնարարական տվեց
Երևանի համար սեփական եկամուտների հավաքագրումն ուղղակի բյուջետային թեմա չէ, դա Երևանի կառավարելիության, խնդիրները լուծելու ունակության մասին է։ Հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, քաղաքապետարանը վերջին տարիներին սեփական եկամուտները եռապատկել է, բայց միևնույն ժամանակ կա թերհավաքագրում տրանսպորտի ուղեվարձի հարցում։
«Որքան էլ որ մեր ընդդիմադիր գործընկերները հպարտանում էին բոյկոտի պրոցեսով, որոշ չափով այդ բոյկոտը հիմա տեսնում ենք, որ ազդել է եկամուտների վրա։ Մարդկանց 75-80 տոկոսը պարտաճանաչ վճարել են՝ առանց տույժի, տուգանքի։ Ուղղակի իրենց իրավագիտակցությունը թույլ չի տվել չվճարել»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ չվճարելն ազդելու է հենց Երևանում տրանսպորտի ոլորտի վրա։
Ավինյանը շեշտել է, որ պետք է տրանսպորտից օգտվելու և չվճարելու համար սահմանվի տուգանք։
«Երևանը միակը չէ, որ ունի նման խնդիր։ Դա կա Փարիզում, Լոնդոնում, և բոյկոտի շղարշի ներքո կոծկել այդ անպատասխանատվությունը, ես չեմ ընդունում»,- նշել է Ավինյանը։
Նա հանձնարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝ օրինագծի հետ կապված ակտիվ աշխատել ԱԺ պատգամավորների հետ։