կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի ավագանու ընտրություններում կա՛մ միասնական ընդդիմադիր թեկնածու, կա՛մ բոյկոտ․ «Միասին» շարժում

Երևանի ավագանու ընտրություններում կա՛մ միասնական ընդդիմադիր թեկնածու, կա՛մ բոյկոտ․ «Միասին» շարժում

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում, ի հակառակ պետական կառավարման ճգնաժամի, առաջ է մղվում Երևանի ավագանու ընտրությունների օրակարգը, որը նշանակում է կուսակցությունների կողմից քաղաքապետի թեկնածուի առաջադրում և քաղաքային հիմնախնդիրների շուրջ նախընտրական պայքարի ծավալում։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, վերլուծելով 2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները՝ և՛ համապետական, և՛ ՏԻՄ, խոր մտահոգությամբ արձանագրում է, որ «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» բառերի անվան ներքո իրականացվել և հատկապես Արցախի վերջնական հանձնման այս փուլում, Հայաստանի ինքնիշխանության անկմանը զուգընթաց՝ փաշինյանական ՔՊ վարչակազմը իրականացնում է հակաժողովրդավարական և բռնատիրական այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով անգամ ընտրված ընդդիմադիր հայացքների թեկնածուներն ի վիճակի չեն իրացնել ժողովրդի քվեն։ Անցած բոլոր ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր դաշինքների ղեկավարները և ավագանու անդամները կա՛մ կալանավորվել են շինծու մեղադրանքների առաջադրմամբ և ցայսօր ձգձգվող դատավարությունների մեջ են, ազատազրկված, կա՛մ կաթվածահար են։ Հայաստանում չկա այլևս գործադիր իշխանության կամայականությունները զսպող, նրան հակակշռող դատաիրավական համակարգ։

«Միասին» շարժումը, ելնելով վերոնշյալից,  համոզված է, որ ազգային-պետական նպատակներով առաջնորդվող բոլոր ընդդիմադիր ուժերը կա՛մ պետք է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցեն՝ առաջադրելով մեկ միասնական թեկնածու և նախընտրական պայքարի առանցքը դարձնեն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության ապահովման ծրագրերը, ՔՊ-ին իշխանությունից հեռացնելը։ Ցանկացած այլ ձևաչափ կհանգեցնի իշխող հակապետական վարչակազմի լեգիտիմացում և նրանց իշխանության ամրակայում։ Եթե միասնական թեկնածուի շուրջ համախմբումը չի հաջողելու, ապա պետք է բոյկոտել այս ընտրությունները՝ դրանք դարձնելով յուրօրինակ լյուստրացիա՝ ո՛վ կմասնակցի ՔՊ թելադրած օրակարգով ընտրախաղին, խամաճիկ է, իշխանությունների կամակատար․ ժողովուրդը քաղաքական հստակության կարիք ունի։

Գիտակցում ենք, որ մեր կոչը կարող է ընկալվել որպես ոչ ժողովրդավարական , սակայն այդպիսին են իշխանության կողմից թելադրված «խաղի կանոնները»»։

 

  • Կիսվել: