Երևան համայնքն ու ԵՄ կառույցներն ընդլայնում են համագործակցության շրջանակները
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ ԵՄ կառույցների հետ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Կողմերը մտքեր են փոխանակել «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, կայուն էներգետիկ զարգացման գործողությունների, կոշտ և վտանգավոր թափոնների կառավարման նախագծերի, ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագրի շուրջ:
Անդրադառնալով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթին, որից որոշակի մաս տրամադրվելու է Երևանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համայնքն առանձնացրել է 5 բնագավառ:
Մասնավորապես, առաջակվում է գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման, կենցաղային կոշտ աղբի կառավարման, Երևանի «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաև մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերով:
«Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երևանցու և մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման առումով: Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության և եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյուր քաղաքացի»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ծրագրերը հնարավորինս շուտ գործնական փուլ տեղափոխել: