հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երեկվա իրադարձությունների թատերաբեմը ՀՀ տարածք է այնպես, ինչպես Էյվազլի -Չայզանի հատվածը ՀՀ տարածք չէ. Նիկոլ Փաշինյան

Երեկվա իրադարձությունների թատերաբեմը ՀՀ տարածք է այնպես, ինչպես Էյվազլի -Չայզանի հատվածը ՀՀ տարածք չէ. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հաղորդակցության ուղիների բացում ասելով՝ նկատի ունի, օրինակ, Գորիսի ու Կապանի հաղորդակցությունը`Ադրբեջանի տարածքով։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք այդպիսի հաղորդակցություն ստանալու կարիք չունենք։ Դա մեզ համար ընդամենը տեխնիկական հարց է, և մենք հիմա նոր ճանապարհ ունենք` Երևան-Կապան, և որքան էլ դա հիմա կարճաժամկետ բարդություններ ստեղծի, առաջիկա ամիսների ընթացքում մենք կունենանք այլընտրանքային ճանապարհներ և՛ Ճակատենի համար, և՛ Որոտանի, և՛ Բարձրավանի, և՛ Շուռնուխի, և՛ Գորիս-Կապանի՛՛:

Վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի մեկնաբանությամբ ապաշրջափակման բանաձևին: Ըստ Փաշինյանի` այն ոչ մի կապ չունի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տեքստերի հետ։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց նաև, թե ինչու է իր հրապարակային ելույթներում Գորիս -Կապան ավտոճանապարհի մի հատվածը կոչում Էյվազլի-Չայզանի հատված։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ՀՀ կառավարությունը մանրամասն ուսումնասիրել է Սովետական Ադրբեջանի ու Սովետական Հայաստանի միջև սահմանազատմանը վերաբերող դե յուրե նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը։

՛՛Որևէ այդպիսի փաստաթղթով խնդրո առարկա հատվածը ՀՀ տարածքում չի գտնվում։Եվ երբ որ մենք ասում ենք, որ երեկվա իրադարձությունների թատերաբեմը միանշանակ ՀՀ տարածք է, ու մեզ ասում են` որտեղից գիտեք, մենք ասում ենք` մենք դա գիտենք այնպես, ինչպես գիտենք, որ Էյվազլի -Չայզանի հատվածը ՀՀ տարածք չէ՛՛,-վստահեցրեց ՀՀ վարչապետը: Իսկ այն, որ անկախություն հռչակած Ադրբեջանի Հանրապետությունն իրեն չի հռչակել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, ըստ Փաշինյանի` ոչ մի նշանակություն չունի, որովհետև ՀՀ-ն անկախությունը հռչակել է ՀԽՍՀ տարածքում, և միջազգային հանրությունը ՀՀ-ն ճանաչել է որպես այդպիսին։

  • Կիսվել: