Լավ կլիներ, որ «իր հայրենիքի» սուպերմարկետում զեղչի ակցիա աներ ԱԺ-ում «քաղաքական ակցիա» անողը. Նարեկ Բաբայան
Երեկ այստեղ հետաքրքիր ու անգամ զարմանալի բաներ տեղի ունեցան։ Սկզբում մի վարձու գրչակ, ապա ապօրինի հարստացած մի գյուղապետի աղջիկ եկան ու սկսեցին տարբեր մարդկանց մահերը շահարկել, հետո եկավ մեկը, ով լավ կլիներ իր «հայրենիքի» սուպերմարկետում զեղչի ակցիա աներ, բայց որոշել էր քաղաքական ակցիա անել։
Ակցիան խոստանում էր լինել ծայրաստիճան զավեշտալի, բայց քիչ անց հասկանալի դարձավ, որ սա ավելի շատ անակնկալ էր ընդդիմության համար, ինչն էլ հիմքեր ստեղծեց, որ այդ անմիտ սադրանքը ներքաշի մի շարք ընդդիմադիր պատգամավորների,ապա նաև ֆրակցիաների ողջ կազմը:
ԱԺ նիստում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին։
Պատգամավորի խոսքով՝ նման իրադարձությունների ֆոնին ՔՊ-ն փորձում է քննարկել կառավարության կատարողականը, անդրադառնալ արված աշխատանքին, թերացումներին ու ցուցանիշներին։
Բաբայանը, մասնավորապես, անդրադարձավ վարչապետի՝ օրեր առաջ ԱԺ-ում հնչած ելույթի մի դրվագի, որտեղ նա խոսում էր ԼՂ հիմնախնդրի շուրջ հանրության հետ բաց խոսելու անհրաժեշտության մասին․ «Պարոն վարչապետ, խոսեցիք ձեր սխալի մասին, ասելով, որ դեռ 2018-ին պետք է խոսեինք հանրության հետ, ներկայացնեիք բանակցային գործընթացի փակուղին, բայց արդյո՞ք հնարավոր էր այդպիսի խոսակցություն մինչև պատերազմը։ Ես կարծում եմ, որ Դուք պետք է հանրությանը փորձեիք ասել ճշմարտությունը, բայց եկեք վերհիշենք, թե ինչ պայմաններում էր լինելու այդ փաստը։
Այն պայմաններում, երբ խաղաղության մասին խոսողին ասում էին՝ խաղաղություն ես ուզում գնա գերեզման, հող տվողին հանձնենք հողին։ Այդ միջավայրը ստեղծել էին որոշ փորձագետ, թուրքագետ, ադրբեջանագետ, քաղաքագետ, պատմաբան, երգիչ-երգչուհիների բառապաշարներով, երգերով։ Ճշմարտության մասին խոսելու անկարելի մթնոլորտին նպաստել էին ԼՂ և ՀՀ բոլոր իշխանությունները և ընդդիմությունը, մենք հայտնվել էինք ծուռ հայելիների աշխարհում, և փորձել այդ պայմաններում ասել ճշմարտությունը նշանակում էր գլխիվայր շուռ տալ մեր աշխարհը։ Ուրեմն, կա՞ր այդպիսի խոսակցություն ծավալելու բավարար միջավայր, ցավոք, ոչ»։


