չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Էրդողանը, ինչպես նաև Ալիևը պետք է հայտարարվեն որպես ահաբեկիչ, որպես մարդկությանը սպառնացող վտանգ․ Դավիթ Բաբայան

Էրդողանը, ինչպես նաև Ալիևը պետք է հայտարարվեն որպես ահաբեկիչ, որպես մարդկությանը սպառնացող վտանգ․ Դավիթ Բաբայան

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր սուրբ առաքելությունը, այո, սուրբ առաքելություն, քանի որ այլ կերպ այս ամենը բնորոշել հնարավոր չէ, InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով, հայկական բանակն այս օրերին պաշտպանում է Հայաստանի երեխաների ապագան և ավելին՝ ապահովում է քաղաքակիրթ աշխարհի անվտանգությունը։

«Այն, ինչ թուրք-ադրբեջանական հանցագործներն են այս տարածքում ցանկանում իրականացնել, ի վերջո կարող է սպառնալ միջազգային հանրության անվտանգությանը»,-նկատեց Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, թե կան փաստեր, որ Իսլամական պետության գրոհայիններ են Թուրքիայով մուտք գործել Ադրբեջան, Արցախի նախագահի խորհրդականն ասաց, որ դա վերահաստատում է արցախյան կողմի ունեցած տվյալները, որոնց մասին երկար ժամանակ է՝ հայտարարվում էր։

«Այդ փաստը ճնշման լուրջ մեխանիզմ է Թուրքիայի և Ադրբեջանի վրա, որովհետև երբ Պետդապարտամենը պաշտոնապես հայտարարում է, որ ապացուցված է գորհայինների առկայությունը Ադրբեջանում, երբ դրա մասին խոսում են Ֆրանսիայի, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, սա նշանակում է, որ միջազգային այդ հզոր մեխանիզմը կամաց-կամաց սկսում է աշխատել։ Այն, ինչ արեց Թուրքիան, սա նաև ինչ-որ տեղ ԱՄՆ-ի դեմ է, որովհետև առանց ՆԱՏՕ-ին տեղյակ պահելու, Թուրքիան փաստորեն մտնում է պատերազմի մեջ ու ահաբեկիչների հետ է այդ պատերազմը վարում։ Փաստորեն Թուրքիան է դառնում ահաբեկիչներին սատարող երկիր, ինչպե՞ս է ահաբեկիչների դեմ պայքարող դաշինքի անդամ երկիրը համագործակցում հենց ահաբեկիչների հետ։ Այո, Թուրքիան և ահաբեկիչները մեկ մարմին են»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը։ 

Ստեղծված իրավիճակը, ըստ նրա, բնական է, որ պետք է անհանգստացնի Արևմուտքին, Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին, քանի որ այդ երկրները թիրախ են պանթուրքիզմի համար։ Ավելին, Դավիթ Բաբայանի խոսքով, արդեն իսկ կան տվյալներ, որ այդ ահաբեկիչները ճնշումներ են իրականացնում Ադրբեջանի ազգային փորքամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ։ 

«Ունենք տեղեկություններ, որ այդ ահաբեկիչները ճնշում են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ռազմի դաշտում թույլ չեն տալիս նահանջել, պարտադրում են գնալ առաջ և այլն։ Ամենազզվելի դրսևորումներն ենք մենք տեսնում թուրք-ադրբեջանական այդ զզվելի փոխգործակցությունից», -նշեց Բաբայանը։

Հարցին, թե հնարավո՞ր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունից և դրան հաջորդած Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցից հետո Թուրքիան, նաև՝ Ադրբեջանը նահանջեն այս ծրագրից, Բաբայանը պատասխանեց․

«Ուշ թե շուտ հետ են քաշվելու։ Բայց նրանք մտել են մի այնպիսի ավանտյուրայի մեջ, որ նրանց համար դժվար է լինելու դրանից դուրս գալ, որովհետև փաստորեն, Էրդողանը պետք է հայտարարվի որպես ահաբեկիչ, որպես մարդկությանը սպառնացող վտանգ։ Նույնը՝ Ալիևը։ Հասկանո՞ւմ եք՝ մտնելով նման խոշոր ավանտյուրայի մեջ, իրենք իրենց հետդարձի ճանապարհն են նաև նեղացրել։ Նրանք նույն Սադամ Հուսեյնի ճակատագրին պետք է արժանանան, որովհետև այդքան մարդու արյուն, որ նրանց վրա կա։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող են հետագայում, այս ամենից հետո քաղաքակիրթ երկրների ղեկավարները շփվելու նրանց հետ»։

  • Կիսվել: