կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երբ եղել է միջադեպ Հայաստանի հետ կապված, դիմվել է, նաև ես եմ դիմել ՀԱՊԿ-ի հավաքի ժամանակ․ Ալեն Սիմոնյան

Երբ եղել է միջադեպ Հայաստանի հետ կապված, դիմվել է, նաև ես եմ դիմել ՀԱՊԿ-ի հավաքի ժամանակ․ Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ի անդամ չի հանդիսանում այն տարածքը, որը ԼՂ Սահմանադրության մեջ ամրագրված է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ի օգնությանը չի դիմել պատերազմի ժամանակ։

«Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը, նաև հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերական հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք, որովհետև, կրկնում եմ՝ ՀՀ-ն է անդամակցում, այլ ոչ թե Արցախի Հանրապետությունը: Դա հասարակ, պարզ տրամաբանություն է: Իսկ երբ եղել է միջադեպ Հայաստանի հետ կապված, դիմվել է, նաև ես եմ դիմել ՀԱՊԿ-ի հավաքի ժամանակ և խնդրել միջամտություն, որից հետո նաև Ռուսաստանի մեր գործընկերոջ կողմից, ՌԴ Պետդումայի ղեկավարի՝ Վոլոդինի կողմից նաև եղել է դիմում, մնացածը, կարծում եմ, արդեն իսկ հասկանալի է»,- պարզաբանեց Սիմոնյանը: 

Նա նաև որոշ մանրամասներ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ հրադադարից առաջ Մոսկվա կատարած այցից:

Սիմոնյանի խոսքով՝ իրենք հանդիպումներ են ունեցել Պետդումայի, Դաշնային խորհրդի անդամների հետ, քննարկվել է իրավիճակը և «հնարավոր քայլերը՝ իրավիճակին շուտափույթ լուծում տալու համար»:

«Այդ հանդիպումները եղել են շատ ինտենսիվ, հանդիպումներ են եղել նաև լրագրողների հետ»,-  տեղեկացրեց Սիմոնյանը: 

  • Կիսվել: