ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երբ ասում ենք ՀԱՊԿ-ն դուրս է գալիս ՀՀ-ից, պետք է արձանագրենք, որ այդ կառույցը դեռ ՀՀ չի էլ հասել․ պատգամավոր

Երբ ասում ենք ՀԱՊԿ-ն դուրս է գալիս ՀՀ-ից, պետք է արձանագրենք, որ այդ կառույցը դեռ ՀՀ չի էլ հասել․ պատգամավոր

Հայաստանի իշխանությունն արձանագրում է, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցի կողմից չկա հստակ քաղաքական գնահատական Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի վերաբերյալ:

Այս մասին հայտարարեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանական ճեպազրույցում:

«Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Հայաստանի սուվերեն տարածքները: Մենք ՀԱՊԿ անվտանգային համակարգի անդամ ենք: Չի հնչել կոնկրետ քաղաքական գնահատական այդ օկուպացիայի վերաբերյալ: Եվ վարչապետի միտքը հենց սրան է վերաբերվել, որ տպավորությունը նրա մասին չէ, որ Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ՝ հակառակը»,-ասաց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Արուսյակ Ջուլհակյանն էլ հավելեց. «2021 թվականի մայիսից մինչև հիմա մենք ունեցել ենք 3 խոշոր ներխուժում Հայաստանի սուվերեն տարածք: Եվ 3 դեպքով էլ, ըստ էության, ՀԱՊԿ-ը չի եկել Հայաստան: Եվ, երբ ասում ենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, մենք դեռ պետք է արձանագրենք, որ նույնիսկ Հայաստան այդպես էլ չի հասել, ՀԱՊԿ-ը բացակայում է Հայաստանից: Եվ խոսակցություններն այն մասին, թե Հայաստանը դուրս կգա կամ չի գա ՀԱՊԿ-ից, սին են ամբողջությամբ, քանի որ ՀԱՊԿ-ը դեռ պետք է գա Հայաստան, որ հասկանանք, թե դուրս է գալիս Հայաստանից: ՀԱՊԿ-ն Հայաստան այդպես էլ չի հասնում: Դա է ամբողջ խնդիրը:

Նա նկատեց՝ ԱԳ նախարարը, սակայն, ասում է, որ շարունակում են համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, քանի որ Հայաստանը դեռևս հույսը չի կորցնում, որ այդ անվտանգային համակարգը Հայաստանի հետ կապված, այդուհանդերձ, որոշակի գործողություններ կարող է ձեռնարկել: Եվ, պատգամավորի խոսքով,  դրան են ուղղված հետագա համագործակցության աշխատանքները:

  • Կիսվել: