երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Շոֆերը Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է. ԱՄՆ դեսպանատան պատասխանը «Ազատությանը»

Շոֆերը Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է. ԱՄՆ դեսպանատան պատասխանը «Ազատությանը»

Էնդրյու Շոֆերը ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է, «Ազատության»  գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատնից:

«Այդ պաշտոնում նրա պարտականությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթներ կատարելը և ղեկավարելն ԱՄՆ պատվիրակությունը` Ժնևի միջազգային քննարկումներում վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ», – ասված է դեսպանատան պատասխանի մեջ:

«Ազատությունը» հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է փոխվել ԵԱՀԿ խմբում ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆերի պաշտոնը. դեսպանատան հաղորդագրությունում նա ներկայացվել էր որպես Կովկասյան բանակցությունների գծով պետքարտուղարության հատուկ խորհրդական, և թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Մինսկի խմբում իր մասնակցությունից, թե՞ նոր պաշտոնյա է նշանակվելու որպես ամերիկացի համանախագահ։
 

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանմանը», – հավելել են ԱՄՆ դեսպանատնից:

Էնդրյու Շոֆերը այս շաբաթասկզբին Երևանում հանդիպումներ էր ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը, սակայն, դժվարացել էր հայտնել, թե ինչ կարգավիճակով է Էնդրյու Շոֆերն այցելում տարածաշրջան:

 

Նեդ Փրայսին ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել էր Էնդրյու Շոֆերի կարգավիճակի մասին: Հարցման պատճառը Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի թվիթերյան էջի ապրիլի 18-ի գրառումն էր Շոֆերի տարածաշրջան այցի մասին, որում նա ներկայացված է որպես «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»:

«Ազատության» հարցին` ԱՄՆ-ը հնարավոր համարո՞ւմ է Մինսկի խմբի հետագա գործունեությունը Ռուսաստանի հետ ներկայիս լարված իրավիճակում, Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը արձագանքել է, որ իրենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը՝ անմիջականորեն, ուղիղ ներգրավվելու ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով: Ինչպես նաև նշել է, որ երկու կողմերի պարտավորությունն ու ճկունությունը, երկկողմանի ուղղակի համագործակցությունը առանցքային են տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար:

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», – ասված է դեսպանատան գրավոր պատասխանի մեջ։

  • Կիսվել: