հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Էմոցիոնալ հայտարարությունները վնասում են և անհարմար վիճակի մեջ են դնում ձեզ, տիկին Զոհրաբյան ջան․ Արթուր Դավթյան

Էմոցիոնալ հայտարարությունները վնասում են և անհարմար վիճակի մեջ են դնում ձեզ, տիկին Զոհրաբյան ջան․ Արթուր Դավթյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրեց 2018-ի դրվագները, երբ նա եկավ ԱԺ այսօրվա վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին և մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

«ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում իմ գործընկեր Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան՝ թե ինչու հետ վերցրիք Նիկոլ Փաշինյանի և մյուսների վերաբերյալ ձեր միջնորդությունը, դուք պատասխանել եք բառացիորեն հետևյալը՝ «Ինձ նամակով դիմեց ՀՀ փոխվարչապետը և խնդրեց հետ վերցնել միջնորդությունը Ազգային ժողովից։ Դրանից հետո ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին ու խնդրել օրակարգից հանել այդ հարցը»։ Դուք հիմա պնդո՞ւմ եք, որ ձեր միջնորդությունը եղել է ոչ թե քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ ձեր միջնորդությունը եղել է քաղաքական պատվեր, այլապես ով էլ ձեզ նամակ գրեր, եթե դուք վստահ էիք, որ տեղի է ունեցե հանցագործություն, պետք է միջնորդությունը հետ չկանչեիք», -դիմելով գլխավոր դատախազին հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Ի պատասխան Արթուր Դավթյանը ասաց, որ իր խոսքերը հրապարակային են և պնդել-չպնդելու խնդիր չկա։ «Ինչ արել եմ, հրապարակային եմ արել։ Բայց խնդրում եմ ասեք՝ այսօրվա քննույան առարկայի հետ դա ինչ կապ ունի ու ես կպատասխանեմ ձեզ», - իր հերթին Զոհրաբյանին դիմեց Դավթյանը։

Ի պատասխան Զոհրաբյանն ասաց, որ վստահ է՝ մի օր նման անհարմար իրավիճակում Արթուր Դավթյանը հայտնվելու է, երբ նրան ինչ-որ պատգամավոր կհարցնի՝ պնդում է, որ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար չի իրականացվում։ «Դուք անհարմար չե՞ք զգում», -վերջին հարցը տվեց Նաիրա Զոհրաբյանը։

«Շատ լավ գիտեք, որ երբևէ առիթ չեմ ունեցել անհարմար զգալու իմ պաշտոնեական գործունեության ընթացքում։ Ավելին, այսօրվա առումով էլ առիթ չեմ ունենա։ Այսօր ես կատարում եմ իմ պաշտոնեական պարտականությունը։ Դա շատ հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Ես երբեք կոռեկտության սահմանը չեմ անցել և տիկին Զոհրաբյան, ձեզ բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները ձեզ վնասում են և անհարմար վիճակի մեջ են դնում ձեզ, տիկին Զոհրաբյան ջան», -ի պատասխան ասաց Արթուր Դավթյանը։

  • Կիսվել: