ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում. Գալուզին
Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունը Հայաստանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Այսօր Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող են մեղմացվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնի ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացման միջոցառումների համալիր իրականացնելու առաջարկին: Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,-հայտարարել է դիվանագետը:
Ինչպես ընդգծել է Գալուզինը, ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում օգնության»։