երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության առաջնահերթությունը Արցախյան պատերազմից բխող խնդիրներն էին. Ռուբինյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության առաջնահերթությունը Արցախյան պատերազմից բխող խնդիրներն էին. Ռուբինյան

Հայկական պատվիրակության առաջնահերթությունը Արցախյան պատերազմից բխող խնդիրներն էին, առաջին հերթին՝ ռազմագերիների հարցը. հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ ԵԽԽՎ նստաշրջանին:

«Հայկական պատվիրակությունն առաջարկ էր արել հայ ռազմագերիների հարցը դարձնել ընթացիկ քննարկման թեմա, որը բյուրոյում մերժվեց: Ի դեպ, տեսել ենք նաև քննարկումներ և հոդվածներ դրա մասին: Ի սկզբանե պարզ էր մեր պատվիրակության համար, որ  այլ թեմաներ, մասնավորապես՝ Նավալնիի թեման եվրոպացի պատվիրակների մոտ մեծ առաջնահերթություն էր: Ակնհայտ էր՝ շատ քիչ հավանականություն կա, որ մեր առաջարկած թեման կներառվի ընթացիկ քննարկման հարցերի մեջ: Բայց մենք այդ առաջարկն արել էինք որպես ևս մեկ միջոց՝ խնդիրը բարձրաձայնելու, և արդյունքում այդ հարցը քննարկվել է և՛ բյուրոյում, և՛ քաղաքական խմբերում: Արդյունքում՝  երկու քաղաքական խմբերի ղեկավարներ ԵԽ գլխավոր քարտուղարին հարց են ուղղել հայ ռազմագերիների հետ կապված, հետագայում նաև թվիթերյան հայտարարություններ են արել՝ պնդելով, որ հայ ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն»,- ասաց Ռուբինյանը:

«Ես՝ որպես պատվիրակության ղեկավար, հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ նախագահի հետ, և կրկին քննարկման կիզակետում ռազմագերիների հարցն է եղել: Պետք է ասեմ, որ հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել ռազմագերիների հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման թեմա բոլոր հնարավոր մակարդակներում, հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում, և, կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է»,- ասաց  Ռուբինյանը:

  • Կիսվել: