հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը

ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր կքննարկի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևի նախագիծը:

Փաստաթղթի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգը:

Նախագծին կից զեկույցում նրանք անդրադարձել են 2018-ին Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումներին և ողջունել են թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացը:

Ինչպես նշվում է՝ Հայաստանում 2018-ի դեկտեմբերին և 2021-ի հունիսին կայացած համապետական ընտրությունները եղել են ժողովրդավարական, և դրանց ընթացքում չեն գրանցվել ընտրախախտումներ:

Ինչ վերաբերում է դատական և ընտրական ոլորտի բարեփոխումներին, ապա դրանք զեկույցում ևս բարձր են գնահատվում: Մասնավորապես՝ առանձնացվում են մի շարք առաջարկներ՝ արդյունքների ամրապնդման համար:

Զեկույցում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը. փաստաթղթում կոչ է անում հասնել հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հայ ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ ևս կոչ կա զեկույցում:

  • Կիսվել: