երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Եղբորս բիզնեսում չկա որևէ գումար, որ իր օրինական բացատրությունը չունենա. Լևոն Քոչարյան

Եղբորս բիզնեսում չկա որևէ գումար, որ իր օրինական բացատրությունը չունենա. Լևոն Քոչարյան

Սեդրակ Քոչարյանն ամուր է, պինդ է, խցում մենակ չէ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի պահման պայմաններին։
 
«Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով պետք է որդուն էլ բանտարկի ու ինչ-որ արդյունքի հասնի, վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Բոլորս էլ պատրաստ ենք, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում, և այս ամենն իրենց ցանկացած արդյունքը չի՛ տալու, սա միանշանակ է։ Մնացած մասով հետագայում ավելի արդյունավետ ու իրավական ճանապարհով ցույց կտանք այս ամենի քաղաքական, շինծու բնույթը»,- ասաց Քոչարյանը
Լևոն Քոչարյանը, անդրադառնալով եղբոր քրեական գործին և մեղադրանքներին, հավելեց, որ Սեդրակ Քոչարյանի բիզնես գործունեության մեջ չկա որևէ գումար, որի ծագումը հնարավոր չէ բացատրել։
«Նա շատ ավելի վաղ հասակից է սկսել զբաղվել բիզնես գործունեությամբ, ու սա ինչ-որ մեկ դրվագ չէ․ խոսքը շուրջ 20 տարվա մասին է՝ դեռևս 2-րդ կուրսից սկսած։ Եվ այս մասով, ինչպես բազմիցս ասել եմ, որ բոլոր հարցերը քննարկման առարկա են լինելու դատարանում, այս մասով քննություն է գնում։ Հարկ եմ համարում ևս մեկ անգամ շեշտել, որ չկա որևէ բիզնես գործունեություն, որի սկիզբը կամ ընթացքն ապօրինի է, և չկա որևէ մեկ դրամ գումար, որի օրինական բացատրությունը չլինի»,– մանրամասնեց նա։
Սակայն ընդդիմադիր պատգամավոր չհրապարակեց Սեդրակ Քոչարյանի ո՛չ ֆինանսական աջակցություն ցուցաբերած անձի անունը, ո՛չ էլ գումարի չափը։ Քոչարյանը հիշեցրեց իրենց փաստաբան Արամ Օրբելյանի ավելի վաղ արած հայտարարությունը՝ նշելով, որ վերջինս պետք է Սեդրակ Քոչարյանի հետ քննարկի՝ նպատակահարմա՞ր է արդյոք դատական նիստում քննության ենթակա այդ տեղեկությունները հրապարակել ավելի վաղ։ Միևնույն ժամանակ հավելեց, որ ֆինանսավորման աղբյուրներին վերաբերող տեղեկություններն ու դրանց հիմնավորումները ներկայացվելու են դատական նիստի ընթացքում։

  • Կիսվել: