շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեւանցիները պետք է առաջիկա ընտրություններին անվստահություն հայտնեն իշխանություններին․ Թանդիլյան

Երեւանցիները պետք է առաջիկա ընտրություններին անվստահություն հայտնեն իշխանություններին․ Թանդիլյան

Հայաստանի իշխանությունների վերարտադրությունը կործանարար կլինի երկրի համար, նրանք կշարունակեն իրենց ապօրինությունները՝ համարելով, որ երեւանցիների քվեներն արդարացնում են իրենց գործողությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Երեւանցիներն այս ընտրություններին պետք է անվստահություն հայտնեն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից, թքում են մարդկանց վրա, օգտագործում են վարչական ռեսուրսը եւ չեն կատարում իրենց խոստումները»,-հավելեց նա։

Նրա գնահատմամբ ՝ իշխանությունները վախենում են ընտրություններին բարձր մասնակցությունից, քանի որ դա կլինի իրենց՝ երկրի ղեկին գտնվելու վերջը։

«Ուստի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը իշխանափոխության եւ նրանց հեռացման գրավականն է, ովքեր մեզ անընդհատ տանում են դեպի պարտություն։ Հասարակության մեջ անտարբերությունն ու հիասթափությունը իշխանությունների քաղաքականության հետեւանք են։ Այն միտված է նրան, որ մարդիկ հիասթափվելով չգնան ընտրությունների, որպեսզի իշխող ռեժիմը վերարտադրվելու հնարավորություն ունենա։ Այս փակ շրջանից դուրս գալը ընտրություններին ակտիվ մասնակցությունն է»,-նշեց Թանդիլյանը։

Երեւանի քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց, որ իր կուսակցության նպատակը ամբողջական իշխանափոխությունն է, եւ այդ օրակարգն անփոփոխ է:

«Մենք ձգտում ենք հենց որակյալ իշխանափոխության։ Մեր պայքարն ուղղված է մարդկանց կյանքի որակական փոփոխությանը եւ իշխանափոխությանը։ Մենք միակ ուժն ենք, որ ներկայացրել ենք եւ՛ քաղաքական, եւ՛ քաղաքային խնդիրների լուծման երկու փաթեթ։ Մենք միակ ուժն ենք, որը նշում է այս կամ այն ծրագրերի իրականացման ժամկետները։ Բացի այդ, մենք ունենք փորձառու, պրոֆեսիոնալ թիմ: Մենք, շփվելով երեւանցիների հետ, իսկ մինչ այդ երկրի այլ համայնքներում, ասում էինք, որ մարդիկ կարող են մեր միջոցով իշխանափոխություն իրականացնել։ Այդ աշխատանքը, անհրաժեշտության դեպքում, կշարունակվի հաջորդ ընտրություններում»,-նշեց նա։

Թանդիլյանը հրաժարվեց մեկնաբանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը, ով, ինչպես հիշեցրեց քաղաքապետի թեկնածուն, թքել է քաղաքացիների վրա եւ դրա համար որեւէ պատասխանատվություն չի կրում:

«2017 թվականին պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով, այսինքն՝ ժողովրդի ուղղակի քվեարկությամբ՝ ի տարբերություն Ալեն Սիմոնյանի։

2020 թվականի պատերազմից հետո իմ առաջնահերթություններում էական փոփոխություններ են տեղի ունեցել, ինձ հետաքրքրում է միայն մեկ բան՝ ուժեղ պետության կառուցում։ Այդ առաքելությունը ձախողել են եւ՛ նախկին, եւ՛ ներկա իշխանությունները։ Իսկ ցածրորակ խոսակցություններն ինձ վրա ոչ մի կերպ չեն ազդում։

Ես հրաժարական տվեցի, երբ գտա, որ այդ պաշտոնում մանդատը չի ծառայում խնդիրների լուծմանը»,-հավելեց Թանդիլյանը։ 

  • Կիսվել: