ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
«Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում», - լրագրողներին ասել է նա։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. վարչապետ Փաշինյանն այս օրերին մասնակցում է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։ Նիստին մասնակցում էին նաև ԵԱՏՄ անդամ չորս երկրի ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինը (Ռուսաստան), Ալեքսանդր Լուկաշենկոն (Բելառուս), Կասիմ-Ժոմարտ Տոկաևը (Ղազախստան) և Սադիր Ջապարովը (Ղրղզստան):
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարներն այսօրվա նիստի ընթացքում հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։ Այդ հայտարարությունը տրվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որն էլ այն իր հետ բերելու է Երևան։
Հայտարարության տեքստը կհրապարակվի ավելի ուշ։ Ակնկալվում է, որ այն կապված է լինելու Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշման հետ։


