շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձևավորել պետականամետ Սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնել է նոր ռազմավարությունը

Ձևավորել պետականամետ Սփյուռք. Գլխավոր հանձնակատարը մանրամասնել է նոր ռազմավարությունը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշակել և շրջանառության մեջ է դրել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ռազմավարության հիմքում պետականամետ Սփյուռք ձևավորելու տեսլականն է։ Նպատակ է դրված ունենալ պետականակենտրոն ռազմավարություն։

«Ակնկալում ենք Սփյուռքի հետ աշխատել հարգանքի սկզբունքների հիման վրա, որի հիմքում պետականաշինության, պետականակենտրոնության գաղափարախոսությունն ավելի խորացնելու հարցերն են։ Դա այսօր շատ թույլ է Սփյուռքում։ Հասկանալի պատճառներով Սփյուռքը ձևավորվել է պետականության բացակայության պայմաններում։ Եթե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները կամա թե ակամա պետականաշեն են, ապա Սփյուռքում դրա դրդող պատճառները բացակա են եղել, նորմալ աշխատանք սփյուռքահայերի հետ չի տարվել։ Այն աշխատանքը, որ ցանկանում ենք Սփյուռքի ուղղությամբ կատարել, դրա կենտրոնում բացառապես պետք է լինի պետությունը։ Ոչ թե այն պատճառով, որ մենք էգոիստ ենք, կենտրոնացած ենք մեզ վրա, այլ որովհետև պետությունը տեսնում ենք ոչ միայն Հայաստանի հայության, այլև հայ ժողովրդի, Սփյուռքի հարատևության գրավական։ Չի լինի ուժեղ պետություն, ուրեմն ոչինչ չի լինի։ Եթե Սփյուռքը կարող էր Միջին Արևելքում գոյություն ունենալ երկար տարիներ, ապա այն Սփյուռքը, որը ձևավորվել է վերջին 50 տարիների ընթացքում, երկարատև չի կարող գոյություն ունենալ առանց խարսխի, իսկ այդ խարիսխը պետությունն է»,-ասաց Զարեհ Սինանյանը։

Գլխավոր հանձնակատարը տեղեկացրեց, որ ներկայում ռազմավարության առնչությամբ արդեն մեծ քանակությամբ դիտողություններ, առաջարկներ, անհամաձայնություններ են ստացել կառավարության տարբեր օղակներից։ Դրանց հիման վրա ռազմավարությունը լրամշակվում է։  Զարեհ Սինանյանը նկատեց, որ պետք չէ շտապել, նոր իրողությունները, զարգացումները պարտադրում են խորքային մոտենալ այս ռազմավարությանը՝ դարձնելով այն հեռանկարային։

Զարեհ Սինանյանը վստահեցրեց, որ ռազմավարության մշակման գործում աշխատանք տարվում է նաև Սփյուռքի հետ։ Հանձնակատարի գրասենյակն այս ռազմավարության ձևավորման սկզբնակետը համարում է Հայաստանում 2022 թվականին կայացած  առաջին համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Այն օգտագործվեց որպես հարթակ որոշ թեզեր քննարկելու, դրանց շուրջ տրամադրությունները ստուգելու համար։

«Դրանից հետո շարունակաբար տարբեր խմբերի հետ աշխատել ենք՝ հասկանալու համար, թե ինչպես են դա ընկալում։ Շատ դժվար է աշխատել բոլորի հետ, որովհետև Սփյուռքը բազմազան է և գործ չունենք 10 անձի կամ 10 կազմակերպության հետ։ Կարող ես 20 կազմակերպության հետ աշխատել, բայց կլինի 200-ը ու կասի՝ մեզ հետ չեք աշխատել։ Մենք փորձում ենք իրատեսորեն ներգրավել Սփյուռքի մեծ քանակի ներկայացուցիչների»,-հավելեց Զարեհ Սինանյանը։

Ընթացիկ տարվա սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսվում է Հայաստանում անցկացնել համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։ Մինչ այդ ռազմավարությունը հաստատված կլինի, թե ոչ, միևնույնն է՝ այն լինելու է գագաթնաժողովի առանցքում։

«Մենք հիմա նախապատրաստվում ենք գագաթնաժողովի աշխատանքներին։ Կարելի է ասել, որ դեռ անցած տարվա նոյեմբերից ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ։ Այն նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 2-րդ կեսին և զուգակցել Հայաստանի անկախության տոնին։ Օրակարգը դեռ հստակեցվում է, սակայն ասեմ, որ անվտանգային հարցերը լինելու են անխուսափելի։ Դա ամբողջ հայության համար մնում է ամենակարևոր խնդիրը։ Անդրադարձ կկատարվի նաև տնտեսական, մշակութային հարցերին։ Այս երեք ուղղությունների վրա ենք հիմնականում կենտրոնանալու»,-հավելեց Զարեհ Սինանյանը։

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման 2023-2033թթ. ռազմավարությունն առաջիկա ամիսներին կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: