կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ձեր նման խուլիգանները ՀՀ քաղաքական օրակարգում տեղ չունեն ու չեն էլ կարող ունենալ․ Սիսակ Գաբրիելյան

Ձեր նման խուլիգանները ՀՀ քաղաքական օրակարգում տեղ չունեն ու չեն էլ կարող ունենալ․ Սիսակ Գաբրիելյան

Իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ իր և մի քանի քաղաքացիներ մասնակցությամբ միջադեպին։ 

«Շատերը տեսել են, որ ինչ-որ խուլիգանական ոհմակ՝ մոտ 10-15 հոգի, առավոտյան հարձակվել են ինձ վրա, սակայն իրենց մոտ չի ստացվել և չի ստացվելու: Ձեր նման խուլիգանները ՀՀ քաղաքական օրակարգում տեղ չունեն ու չեն էլ կարող ունենալ: Ես ձեզ ևս մեկ անգամ հորդորում եմ՝ հեռո՛ւ մնացեք: Եթե ուզում եք խոսել, ես խոսել գիտեմ, կարող եմ ձեզ հետ խոսել, ինչը և առաջարկում էի մոտ 5 րոպե, երբ մեքենաս փակել էիք: Ասում էի՝ ես փախնող չեմ, չեմ փախնի, բացեք պարզապես ճանապարհը, մեքենաներին տեղ տամ, իջնեմ, խոսեմ: Դուք ձեզ դրսևորեցիք խուլիգանի պես»,- ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ այդ արարքը հանցագործություն, խուլիգանություն, և կարծում է՝ նրանք ստացել են համապատասխան արձագանք:

Նշենք, որ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ: Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս անդրադարձել էր տեղի ունեցածին՝ կոչ անելով բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը։

«Դատապարտելի, հակաիրավական է բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է իրականացրել կամ ում նկատմամբ կամ ով ինչ հայացքներ ու համոզմունքներ ունի:
Մարդու իրավունքների պաշտպանն արդեն տևական ժամանակ անընդհատ զգուշացնում է, որ միմյանց վիրավորելը, պիտակավորելը, բռնության կոչեր հնչեցնելը սոցիալական ցանցերից իրական կյանք տեղափոխվելու իրական սպառնալիք է դարձել։ Հատկապես սոցիալական ցանցերում վիրավորանքը, ատելության խոսքը և բռնության կոչերը դարձել են համատարած ու հասել վտանգավոր ծավալների՝ ինչպես իրական, այնպես էլ կեղծ օգտատերերի կողմից։
Ակնհայտ տպավորություն է, որ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում տարբեր կողմեր դա հատուկ են անում՝ միմյանց սադրելու ու յուրաքանչյուրն իր համար «ցանկալի արդյունքի» հասնելու նպատակով։ Սա մեր երկրում մարդու իրավունքների համակարգն ավերող ճանապարհ է, որին պետք է անհապաղ վերջ տրվի”,- մասնավորապես ասվում էր ՄԻՊ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: