Ձեր աննախադեպ կատարողականում մանկապարտեզների կառուցում և վերանորոգում կետում թերակատարումը 50% է. Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին
Դուք ասում եք՝ նախընտրական քարոզարշավին ինչ ասել ենք՝ կատարել ենք, օրինակ Հաղթանակի 40-ամյակի զբոսայգին. խորհուրդ կտամ վաղը այցելեք, կամ մտեք իմ «ՏիկՏոկ»-ի էջը, տեսեք ձեր սարքած այգին, արևային օրերին մի հոգի դուրս չի գալիս զբոսնելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով ն քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների կառուցում և վերանորոգում կետում թերակատարումը շուրջ 50% է։ Պաշտպանության ոլորտում 66% է կատարողականը, առողջապահությունը՝ 30 %-ով թերակատարել եք, Կենտրոնի թաղապետը 700 մլն դրամ է թերակատարել և այսպես շարունակ։ Ուզում եմ հասկանալ, որ ասում եք՝ կատարողականը շատ բարձր տոկոս է եղել, զեկուցողն էլ ասում է, թե չգիտի քանի տոկոս է եղել, հետևաբար՝ ձեզ ով է ասել, որ բարձր տոկոս է եղել»,- հարցրեց Մանուկյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամը զեկուցողին՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանին, հարցրեց, թե որոնք են եղել քաղաքապետարանի առաջնահերթ երեք ուղղությունները, քանի որ «բաց ոճի շարադրություն» հիշեցնող զեկույցի մեջ չի տեսել այն։
«Եվ այդ խայտառակ թերակատարումներով հանդերձ՝ Երևանի 2024 թվականի բյուջեն կատարվել է 94.5 %-ով»,-Մեսրոպ Մանուկյանին արձագանքեց Տիգրան Ավինյանը։
Իր ելույթում Մեսրոպ Մանուկյանը նշեց, որ Երևանի զարգացման ծրագրում հստակ առաջնահերթություններ նշված չեն, ինչպիսին են օրինակ, կանաչ քաղաքը, զբոսաշրջության համար գրավիչ քաղաք. «Խոսում եք սոցիալական տիրույթներում ձեր ֆանտաստիկ գրանցած առաջընթացի մասին, բայց ձեր Ֆեյսբուքի, «ՏիկՏոկ»-ի, Ինստագրամի էջերում 300-400 դիտում եք ունեցել։ Ժողովուրդ, այդպես առաջընթաց չի կարելի ապահովել, հատկապես Երևանի համար»,-հայտարարեց Մեսրոպ Մանուկյանը։