ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Դուք մինչև այս պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ եք. Մարությանը՝ Ավինյանին

Դուք մինչև այս պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ եք. Մարությանը՝ Ավինյանին

«Պարոն Ավինյանն այս ընթացքում, որ քաղաքապետ է, իր համար գնել է «Մերսեդես» էլեկտրական մեքենա՝ ընդամենը 32,97 մլն դրամով, այսինքն 85 հազար դոլարով»: Այս մասին այսօր Factor.am-ի ուղիղ եթերում Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ընդամենը մի քանի օր առաջ Լոս Անջելես է մեկնել պարոն Ավինյանը: Գնացել են 9 հոգով, միայն իր բիզնես կլասի տոմսի համար ծախսել է 7 մլն 650 հազար դրամ: Գիտե՞ք ինչի համար, որ հարմարավետ թռնի, հասնի Լոս Անջելես: Ես չէի հավատում, մինչեւ փաստաթուղթը չտեսա»:

Մարությանը, ցուցադրելով համապատասխան փաստաթուղթը, ասաց. «43 շենքի բնակիչ, 6 հազար մարդ այս տարվա իրենց գույքահարկը տվել են, որ պարոն Ավինյանը թռնի Լոս Անջելես հարմար նստարանում»:

Դիմելով քաղաքապետին՝ նա հավելեց. «Դուք մինչեւ այս պաշտոնական կյանքը երբեւիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ եք»:

Ի պատասխան՝ Ավինյանն ասաց. «Ես հիշեցի, որ 2019-ին դուք քաղաքապետի ավտոմեքենան վաճառել էիք, եւ մենք բոլորով դրա մասին գիտեինք: Երբ կա անձնական PR-ի այդ հատվածը, այո միշտ կարելի է ներկայացնել, թե տեսեք, թե ես ինչքան լավն եմ: Ես 2,5 տարի իմ մեքենայով եմ աշխատանքի գնացել, ինքս վարել եմ, ոչ մեկի մոտ սրա մասին չեմ խոսել:

Բոլորս գիտեինք, որ դուք այդ ավտոն վաճառել եք, բայց բոլորս չգիտեինք, որ հարյուրավոր ավտոներ տարեկան 400 հազար դրամ սպասարկումով շարունակել եք պահել: Մենք հիմա բոլորը կրճատում ենք, փոխարինում ենք 42 էլեկտրամեքենայով:

20 մլն դրամ այս գործողությամբ քաղաքապետարանը խնայում է տարեկան: Երբ քաղաքապետարանը տրանսպորտային համակարգում ստվերի դեմ պայքարեց, 6 օրում այդ 32 մլն դրամը հավաքել է»:

  • Կիսվել: