Դուք և Ադրբեջանը նույն խոսույթն եք օգտագործում, ես այստեղ Ադրբեջանի խոսնակը չեմ. Փաշինյանը՝ Դանիելյանին
Ադրբեջանի կողմից պահանջ կա՞ այստեղ ադրբեջանցիների վերաբնակեցման՝ Տիգրանաշենի հետ կապված, այդ երկու կետերով կա՞ որոշակի խոսակցություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նախքան վարչապետին ձայն տալը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես զարմանում եմ, որ որոշ պատգամավորներ 7-8 աթոռ էն կեղմ զրույց են վարում: Անհատապես անուններով կասեմ եւ նկատողություն կհայտարարեմ, վերջացրեք»:
Փաշինյանն արձագանքեց Գառնիկ Դանիելյանին. «Պարոն Դանիելյան Դուք մամուլ չեք կարդո՞ւմ: ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո՞ է: Ես զարամանում եմ, որ այդ հարցերը տալիս եք, ձեզ թվո՞ւմ է սա միամիտների երեկո է։
Հիմա դուք ինձ հարցնում եք՝ չե՞ք տեսնում Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ են կան: Դուք չեք զգո՞ւմ, որ նույն խոսույթն եք օգտագործում, Ադրբեջանն էլ է ասում կապիտուլյացիա, դուք էլ եք ասում կապիտուլյացիա: Բա որ կապիտուլյացիա է, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ նստած, ընդհանրապես ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում, կապիտուլացված երկրի պատգամավոր լինո՞ւմ է: Եթե դուք համարում եք, որ երկիրը կապիտուլացված է, ուրեմն դուք ձեզ չեք համարում ՀՀ պատգամավոր, այլ համարում եք այն ուժերի պատգամավոր, ովքեր ձեր տրամաբանությամբ կապիտուլացրել են»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունն անընդհատ բերում է Ադրբեջանի օրակարգերը. «Ասում եք՝ բա ինչո՞ւ չեք բարձրացնում ԼՂ բնակիչների վերադարձի հարցը, առավոտից երեկո Ադրբեջանը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, դուք դա չեք նկատո՞ւմ, շատ ուժեր Ադրբեջանում ուզում են, որ Հայաստան չլինի, է հետո՞, նորությո՞ւն է դա ձեզ համար: Այդպիսի ուժեր արևելքում էլ կան, հյուսիսում էլ, արևմուտքում էլ կգտնվեն:
Ես Ադրբեջանի խոսնակը չեմ, գնացեք բացեք ձեր կայքերը, կարդացեք՝ ինչ է ուզում Ադրբեջանը: Ես այստեղ չեմ եկել ասեմ Ադրբեջանն ինչ է ուզում, եկել եմ ասեմ, թե ինչ է ուզում Հայաստանը եւ ինչ է անում»,- նշեց Փաշինյանը:
Գառնիկ Դանիելյանն արձագանքելով՝ ասաց. «Այնպես եք ջղայնանում հարցերից, ոնց որ ձեզ չպետք է տան այս հարցերը, գնամ լրագրողին տա՞մ: Բա վարչապետ եք, ձեզ պետք է տան այդ հարցերը, ինչո՞ւ եք ջղագրգիռ պատասխաններ տալիս: Ընդամենը 2 հարց եմ տվել»:
Կառավարության ղեկավարը նկատեց, որ եթե խոսքը անկլավների մասին է, ապա այդ թեման միշտ եղել է ու կա․ «Մենք չենք կարող այդ թեմայից հրաժարվել, որովհետև մենք էլ ունենք Արծվաշեն։ Իմ դիրքորոշումը շատ կոնկրետ է, ինչ հիմնավորված է՝ հիմնավորված է , ինչը՝ ոչ, ո՛չ։ Մենք ոչ լեգիտիմ ակնկալիք պետք է չունենանք»։