շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Դուք եք պալատական հեղաշրջում արել՝ վաճառել Լեռնային Ղարաբաղը․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Դուք եք պալատական հեղաշրջում արել՝ վաճառել Լեռնային Ղարաբաղը․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը

Եթե դուք ասում եք, որ Արցախի լուծարման թուղթը վավեր չէ, ինչո՞ւ էիք ամեն ինչ անում, որ Արցախի ժողովուրդը դուրս գա Արցախից, ասեիք՝ վավեր չէ: Այս մասին ԱԺ նիստում ընդդիմադիր պատգամավորներին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ինչո՞ւ էիք համոզում, որ հանձնեն Արցախը, ինչո՞ւ գնացիք դաշնակներով նախագահ ընտրեցիք, որը լուծարեց, ես ձեր տրամաբանությունը չեմ հասկանում, դուք ձեր տրամաբանությունը հասկանո՞ւմ եք»,- հայտարարեց նա:

Հովհաննիսյանը շեշտեց՝ ընդդիմությունն ասում է, թե այդ թուղթը վավեր չէ, բայց այդ թղթի հիմքով Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է նրանց գործողությունների արդյունքում:

«Մեզ ընդդիմությունն առաջարկում է հանդիպել Լեռնային Ղարաբաղի պատգամավորների հետ: Ես, օրինակ, անձնապես ցանկություն չունեմ հանդիպելու Լեռնային Ղարաբաղի պատգամավորների հետ: Դուք լսե՞լ եք՝ Լեռնային Ղարաբաղի պատգամավորներն ինչ լեքսիկոնով ու ինչ բառամթերքով են խոսում ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ի մեծամասնության մասին, խայտառակություն է ուղղակի:

Դուք մտածում եք, որ մենք իրենց հետ պետք է հանդիպե՞նք: Իրենց հետ նախ պետք է իրավապահները հանդիպեն՝ հասկանան՝ այդ ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում լուծարեցին Լեռնային Ղարաբաղը և «յուղը վրան» զենքերն էլ նվիրեցին ադրբեջանիցներին»,- ասաց նա:

Պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց՝ ընդդիմությունն է հրաժարվել Արցախից:

«Դուք եք հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, դուք եք պալատական հեղաշրջում արել և վաճառել Լեռնային Ղարաբաղը և ամեն ինչ արել եք, որ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանվի, զրկանքների միջով անցնի ու գա այստեղ»,- շեշտեց նա:

  • Կիսվել: