«Դուք ձե՜զ կարգի հրավիրեք, մի ընդհատեք ինձ». Թովմասյանը՝ ՔՊ-ականներին. Բանավեճ ԱԺ-ում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցուպատասխանի ընթացքում բանավեճ սկսվեց։
Ալեքսանյանն ասաց, որ քննարկում են Ա. Քոչարյանի վարքագիծը, բայց չեն քննարկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի վարքագիծը, ով լրագրող է ծեծել։
«Դուք չլեսցի՞ք, որ ասացի՝ դատապարտել եմ։ Մի հատ ուշադիր լսեք պատասխանս»,- ասաց Թովմասյանը։
«Ոչ մի խմբակցություն հայտարարություն չի տարածել, էթիկայի հանձաժողով չեք ստեղծել»,- նշեց Ալեքսանյանը։
Թ. Թովմասյանը հիշեցրեց այլ դեպքեր. «Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, փողոցում ծեծեց լրագրողներին, կամերան վնասեց, որևէ գործ չի հարուցվել։
Մենք հապաղել ենք, որ էթիկայի հանձնաժողով չենք ստեղծել, երբ որ Ազգային ժողովի նախագահը թքեց քաղաքացու վրա։ Շատ ճիշտ եք ասում, մենք այդ դեպքով թերացել ենք։
Թերացել ենք, երբ որ Արթուր Հովհաննիսյանը եկել ու իրեն խուլիգանի պես էր պահում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խնդրեց հարգալից լինել:
Դահլիճից արձագանքներ հնչեցին, ի պատասխան Թովմասյանն ասաց. «Դուք ձեզ կարգի հրավիրեք, մի ընդհատեք ինձ։ Հիմա էլ եք ձեզ արդեն պահում ոչ հարիր, ձեզ հանգիստ պահեք»։
Հակոբ Արշակյանը պահանջեց անջատել Թագուհի Թովմասյանի խոսափողը։