հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դուք «Չելովեկ ցուցակի» և «Սենդվիչ Տոմայի» իրավահաջորդն եք. Սոնա Ղազարյանը՝ Աննա Մկրտչյանին

Դուք «Չելովեկ ցուցակի» և «Սենդվիչ Տոմայի» իրավահաջորդն եք. Սոնա Ղազարյանը՝ Աննա Մկրտչյանին

Ես լիովին կիսում եմ ձեր այն մոտցումը, որ պետք է ի վերջո զբաղվել խոշոր կոռուպցիոներներով: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին:

«Միանաշանակ տեղին է ձեր պահանջը, զբաղվել և ի վերջո պատժել կոռուպցիոներներին, հայ ազգին ունեզրկածներին, բանակի հաշվին հարստացածներին, մենաշնորհների տիրակալներին, և այո, դրա ժամանակը միգուցե անգամ անցել է, և ես կիսում եմ ձեր պահանջը, բայց ինչ խոսք տարօրինակ է այն լսել ձեզանից:

Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ամբողջ կապիտալը՝ այն է 1-2 տոկոս, ամբողջությամբ մսխել եք, այստեղ էլ ընտրական օրենսգրքի պահանջով եք հայտնվել: Կներեք բայց դուք «Չելովեկ ցուցակի», և «Սենդվիչ Տոմայի» իրավահաջորդն եք: Տիկին Մկրտչյան դուք մեզ մեղադրում եք ոչ լեգիտիմ իշխանության զավթման համար, բայց դուք տարիներ շարունակ զավթել եք քաղաքացու ձայնը, դրան տիրացել եք: Ձայնի իրավունքից զրկած տիկին Մկրտչյանի խմբակը այսօր մեզ նոր մեղադրանք է ներկայացնում՝ 4 գյուղերի տարածքների հանձնման մասին, մինչդեռ ՀՀԿ-ական մարզպետը և ՀՅԴ տեղակալը 2016-ին արդեն ձեզ իսկ հայտնի որոշում էր ներկայացնում՝ օրենքի փոփոխության առաջարկը»,-ասաց նա:

Սոնա Ղազարյանն անդրադարձավ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Տիգրան Աբրահամյանին՝ նշելով. «Պարզվում է այսօր պարոն Աբրահամյանը որոշել է մեզ արտաքին հարաբերությունների մաստեր-կլաս տալ: Ասում է՝ մեր օրոք էլ հայ-ռուսական հարաբերություններն իդեալական չէին, բայց աշխատելու ձեւ կա: Ասեմ, որն է ՀՀԿ-ի աշխատելու ձեւը. Երեք տարի բանակցել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, հետո հարցազրույց տալ, ասել՝ Հայաստանի միացումը ԵԱՏՄ-ին (այն ժամանակ Մաքսային միությանը), բայց մի գիշերում մտափոխվել եւ միանալ Մաքսային միությանը: Մեզ այդպիսի խորհրդատվություններ պետք չեն, մենք վարում ենք մեր քաղաքականությունը մեր տրամաբանությամբ եւ քաղաքացիների հետ թափանցիկ ձեւով»,-ասաց նա:

  • Կիսվել: