շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Դիտորդական կազմակերպությունները խախտումներ են հայտնաբերել Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում

Դիտորդական կազմակերպությունները խախտումներ են հայտնաբերել Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները արդեն իսկ խախտումներ են նկատել Գյումրու ընտրություններում։ ««Անկախ դիտորդը» գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Գյումրիում «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի կողմից (նրա անունից) ընտրողներին անվճար ծառայություններ մատուցելու վերաբերյալ:

Մասնավորապես, արձանագրել են, որ Մարտուն Գրիգորյանը (կամ նրա անունից) Գյումրու ընտրողների համար իրականացրել է ճանապարհների անվճար խճապատում՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ, ինչով առերևույթ կատարվել է ՔՕ 221-րդ հոդվածով արգելված արարք: Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը նախատեսում է 3-ից 6 տարվա ազատազրկում թեկնածուների կողմից (կամ նրանց անունից) ընտրողներին գույք (կամ ծառայություններ) նվիրելու համար, ինչպես նաև քարոզարշավի ու բարեգործության մեկտեղման համար: Այս արարքը 2018 թվականին քրեականացվել է մեր նախաձեռնությամբ, քանի որ, այն, ըստ էության, ընտրակաշառքի քողարկված տեսակ է»,- ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը:

Մեկ այլ ուժի հետ կապված էլ «Անկախ դիտորդ»  հասարակական դաշինքը և «Ականատես» դիտորդական առաքելությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի մեջ ասվում է. «2025թ․ մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդարանի ներկայացուցիչներ։ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը խոսել է Գյումրու՝ ՌԴ-ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունենալու մասին։

Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ի իշխող ուժը Գյումրիում սատարելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Նախընտրական ժամանակահատվածում Գյումրին որպես ազատ տնտեսական գոտի և «ազատ քաղաք» զարգացնելու օրակարգով համաժողովի կազմակերպումը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ, ինքնին խնդրահարույց է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզչությանը օտարերկրյա ուժերի ներգրավում։  Ընտրական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավումը և նրանց կողմից որևէ քաղաքական ուժի սատարումը խիստ վտանգավոր են։

Դրանք խաթարում են Հայաստանի ժողովրդավարական գործընթացները, ինքնիշխան և իրավական պետության սկզբունքները։ Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պարտավոր է խստորեն հետևել ՀՀ օրենսդրության պահանջներին, որով ուղղակիորեն արգելվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից նախընտրական քարոզչությունը (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 23-ի 1-ին մաս, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, Հոդված 40․8-ի 1-ին մաս)։

 Գտնում ենք, որ ընտրական գործընթացներին արտաքին ուժերի միջամտության ու ներգործության փորձերը պետք է համարժեք իրավական գնահատական և արձագանք ստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ իրավասու պետական մարմինների կողմից։ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր՝ բացառելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ նմանատիպ ոտնձգությունները»։

  • Կիսվել: