կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դեպքեր կան՝ վարչապետն է որոշում՝ որն է գաղտնի, որը՝ ոչ. Փաշինյանը՝ գաղտնի փաստաթղթերի մասին

Դեպքեր կան՝ վարչապետն է որոշում՝ որն է գաղտնի, որը՝ ոչ. Փաշինյանը՝ գաղտնի փաստաթղթերի մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով փաստաթղթից բառացի մեջբերեց մի կետ, կարծեմ 11-րդ կետն է՝ նշելով. «Խաղաղության պայմանագրում կա մի համաձայնեցված հոդված, ըստ որի կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանն՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ի դեպ, որքան հիշում եմ՝ դա ադրբեջանական կողմի առաջարկն է եղել: Սա նաեւ ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետեւ որեւէ ՍԴ որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող վավերացնել, համարել սահմանադրական, որը կհամարվի վեր Հայաստանի օրենսդրությունից: Վերջին օրերին, երբ պարբերաբար կրկնում ենք, որ նոր Սահմանադրության գաղափարը ծնվել է հենց այդ փաստաթղթի պահանջով, հենց այս կետն է, որ նոր Սահմանդրությունով հնարավոր է ՍԴ-ի հետագա եզրակացությունը շրջանցելը: Համարեք հարց չկա, եթե կուզեք, կարող եք մեկնաբանել»,-նշեց նա:

Նրա դիտարկումներին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանը՝ ասելով. «Ես հարց ունեմ. Էդ ո՞նց է ստացվում, որ տենց Խաղաղության պայմանագրի դեմ խոսում եք, ոնց է ստացվում, որ չեք նկատում, որ հարեւան երկրի նարատիվներն եք գցում շրջանառության մեջ: Որ չհասկանայիք, կասեի՝ լավ, չի հասկանում»:

Թեմային անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ դրույթը Վիեննայի կոնվենցիայի դրույթ է, որը վավերացված է նաեւ Հայաստանի կողմից: Եթե այդ վավերացված դրույթը պայմանագրի մեջ լինի, թե չլինի, դա մեր արդեն վավերացված փաստաթուղթ է: Եթե այդ դրույթը հանցանք, է ապա այդ հանցանքը մեզնից շատ առաջ է կատարվել, նենց որ մեր մեջ մի փնտրեք այն հանցագործներին:

Եթե հիմա կոչ եք անում, որ իրավապահները դրանով զբաղվեն, թող զբաղվեն, բայց ոնց որ ձեր խմբակցության հետեւից են գալու:

ՍԴ-ն կքննի այդ հարցը անխուսափելիորեն ստորագրվելու պարագայում, հետո կգա այդ թվում ԱԺ, դուք քննարկելու, քվեարկելու հնարավորություն կունենաք: ԱՅնպես որ, այդ մեխանիզմները կան, ոչ մի արտառոց բան այդտեղ չկա»,-ասաց նա:

Իր հերթին Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց Ալեն Սիմոնյանին. «Ադրբեջանական նարտիվները ո՞րն է, եթե այստեղ Նիկոլ Փաշինյանը գաղտնի փաստաթղթի կետ է հրապարակում, որի շուրջ քննարկում է լինում: Հերիք է, էլի, ադրբեջանական նարատիվ: Տեսանք՝ ադրբեջանական նարատիվներն ո՛վ բերեց, հասցրեց, փաթաթեց մեր ժողովրդի վզին»:

Վարչապետն էլ ասաց, որ դեպքեր կան, երբ վարչապետն ինքն է որոշում՝ ինչ է գաղտնի, ինչը՝ ոչ: «Երկրորդը, թե որ դուք գաղտնի կարդացել եք, եթե ուշադիր կարդացած լինեիք, կտեսնեիք, որ ոչ միայն մի հոդված, այլ Վիեննայի կոնվենցիայի վրա շատ կոնկրետ հղում է արված: Դրա մասին առանձին հոդված կա: Շատ քիչ միջազգային պայմանագիր կա, որ Վիեննայի կոնվենցիայի վրա հղում չի արվում: Դա շրջանակային կոնվենցիա է միջազգային պայմանագրերի մասին:

Մենք գիտեինք, որ դուք գնալու եք կարդաք, հետո դուրս եք գալու, դա օգտագործելու եք նեղ քաղաքական, ոչ ճշգրիտ նպատակների համար: Հիմա ինչքան կարդացել եք, բավական է, երկար ժամանակ էլ չեք կարդա»,-ասաց նա:

  • Կիսվել: