շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը

Դավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:

Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը»։

Նշենք, որ բաց դատավարություն անցկացնելու պահանջով հանդես են եկել նաեւ զենքի մատակարար, "Մոստոն էնջիներինգ" ընկերության սեփականատեր Դավիթ Գկալստյանի (Պատրոն Դավիթ) փաստաբանները:

Սակայն նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ դատավարությունը, ամենայն հավանականությամբ, փակ կլինի գործի նյութերի գաղտնիության պատճառով ։

Նշենք, որ այսպես կոչված "ժամկետանց եւ ոչ պիտանի զենքի" գործով անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենք մատակարար Դավիթ Գալստյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ՊՆ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ՀՀ ՊՆ այլ նախկին պաշտոնյաներ: Սակայն մեղադրյալներից ոչ մեկն իր մեղքը չի ընդունում ։ Ավելին, գործով երկու մեղադրյալներ ՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը, պնդում են, որ գործով անցնող հրթիռների փորձաքննություն անցկացվի ։ Մինչդեռ նախօրեին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ։ Այսպես, նրա կարծիքով, հրթիռների ոչ պիտանի լինելը հաստատվել է գործով եւ առանց որեւէ փորձաքննության։ Նրա կարծիքով ՝ "նույնիսկ եթե փորձաքննության դեպքում հրթիռներից ոմանք պիտանի լինեն եւ պայթեն, դա չի նշանակում, որ մյուսներն էլ են պիտանի": "Այդ հրթիռների անպիտանությունն ապացուցելու համար մենք չենք կարող պայթեցնել բոլոր հրթիռները",- եզրափակել է գլխավոր դատախազի տեղակալը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: