Դաշնակցության ենթադրյալ շրջաբերականում փորձ է արվում խափանել ՀՀ սահմանների սահմանազատումը, որ ինչ-որ մի պահի էլ ծրագրվի ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելու գործընթացը. Կոնջորյան
«Պարոն Խաչատրյան դուք, որ ցանկանում եք հրապարակայնության ջահակիր ասպետ լինել, խուսափում եք մի պարզ հարցի պատասխանելուց՝ հիմա այդ շրջաբերականը եղե՞լ է, թե՞ չի եղել»,-ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կրկին անդրադառնալով տարածված շրջաբերականին՝ Կոնջորյանն ասաց. «Այդ շրջաբերականը, որի մեջ ըստ տարածված տեքստի խոսվում է այն մասին, որ, ըստ էության, թույլատրվում է, որ կարող է Հայաստանի ինքնիշխանությունը զիջվել ինչ-որ մի պարագայում, եղե՞լ է, թե՞ չի եղել, այդ շրջաբերականի տեքստում, որտեղ խոսվում է այն մասին, որ սահմանազատման գործընթացը երբեք ձեռնտու չէ Հայաստանի համար։ Այսինքն՝ ըստ շրջաբերականի, դուք փորձ եք անում վիժեցնել սահմանազատման գործընթացը և անել այնպես, որ ՀՀ պետական սահմանը երբեք չարձանագրվի, ինչը նշանակում է, որ ենթադրյալ հակառակորդի համար մշտապես լինի ինչ-որ մի հիմք մի պահի սադրանքներ անելու, հիմա դա եղե՞լ է, թե՞ չի եղել»:
Կոնջորյանը շեշտեց, որ Դաշնակցությունը հստակ ծրագիր ունի. «Տեսնելով, վերլուծելով սահմանազատման գործընթացի վերաբերյալ ձեր խաչակրած արշավանքը և դա համադրելով այդ շրջաբերականի հետ, որտեղ ասվում է, որ սահմանազատման գործընթացն ընդհանրապես չպետք է երբեք լինի, դա նշանակում է, որ հստակ ծրագիր ունեք: Դաշնակցության այդ ենթադրյալ շրջաբերականում փորձ է արվում խափանել ՀՀ սահմանների սահմանազատումն այն նկատառումով, որ ինչ-որ մի պահի էլ ծրագրվի ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելու գործընթացը»: