երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»

Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դատարանում սկսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, և «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի միջև իրավական վեճի քննությունը։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և իր ներկայացրած դաշինքը դիմել են ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 15 տարբեր դրվագներով ենթարկել վարչական պատասխանատվության։ «Անկախ դիտորդ»-ը հայտարարել էր, որ հիմնադրամի գործունեության ընթացքում հայտնաբերել է ենթադրյալ օրենսդրական խախտումներ։

 

Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ հիմնադրամը չի խախտել Հայաստանի Հանրապետության որևէ օրենք և հանձնարարել է իր փաստաբանական թիմին ձեռնարկել հակընդդեմ իրավական քայլեր՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով։

 

Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Մկրտչյանը 2026 թվականի հունիսի 2-ին վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում։

 

Հայցադիմումով պահանջվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար։ Խոսքը վերաբերում է 2026 թվականի մարտի 29-ին արձանագրված դրվագին, երբ հիմնադրամը մարտի 20-ին 29 շահառու նորաստեղծ ընտանիքների տրամադրել է 1-ից 2 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ՝ սեփական բիզնես հիմնելու կամ զարգացնելու նպատակով։ Հայցվոր կողմը պահանջում է Աննա Հակոբյանին տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով։

 

ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը որոշել է ընդունել վարույթ նշված հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայցադիմումը՝ ընդդեմ Աննա Հակոբյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ։

Նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:50-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում»»։

 

 

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: