ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած սպանությունից. եղբայրներից մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է

Մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած սպանությունից. եղբայրներից մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով կա մահացած քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում Նոր Ուղի գյուղի Թումանյան 18 հասցեում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Գալուստ Գ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սերոբ Ս․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև դանակով  հարվածել է Սերոբ Ս․-ի եղբոր՝ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սոս Ս․-ի ձախ ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 02։35-ի սահմաններում Գալուստ Գ․-ն ոստիկանների ու պարեկների կողմից հայտնաբերվել է ու երբ նրան փորձել են վնասազերծել, նա տարօրինակ շարժումներ է ցուցաբերել ու ոստիկանության անչափահասների գործով բաժանմունքի տեսուչ Արման Գասպարյանը նկատել է, որ նա ձեռքի միջից փորձում է հանել դանակը ու իր գործընկերների հետ, վտանգելով իրենց կյանքը, դանակը խլում են, ապա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով  նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արարատի բաժին։

Հայտնաբերված դանակի վրա առկա է արնանման հետքեր և ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը  հանցագործության գործիք հանդիսացող դանակն է, որը Գալուստ Գ․-ի հետ միասին ոստիկանները ներկայացրել են Վեդիի քննչական բաժին։Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ կասկածյալը ձերբակալվել է։

  • Կիսվել: