հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիա-ՀՀ ռազմական համագործակցության նպատակն է ապահովել մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը. Էդմոն Մարուքյանի արձագանքը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին

Ֆրանսիա-ՀՀ ռազմական համագործակցության նպատակն է ապահովել մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը. Էդմոն Մարուքյանի արձագանքը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարություններին, որոնք հնչել էին փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ես կարդացի Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն ի պատասխան երեկ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ արված կառուցողական, խաղաղ հայտարարությունների։

Եվ ինչ զարմանալի է, որ իբր խաղաղության ճանապարհին գտնվող, բայց իր զինված ուժերում անդադար ագրեսիվ զորավարժություններ անցկացող և այն շարունակ զինոող երկրի պաշտոնական ներկայացուցիչն անում է տարածաշրջանում լարվածությունն ու ապակայունացումը դատապարտող հայտարարություններ՝ հիմնվելով միայն մամուլի ասուլիսի վրա:

Արդյոք Ադրբեջանի այս ռազմատենչ հայտարարությունները, էթնիկ զտումները, օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրս չբերելը և սահմանային անդադար սադրանքների կազմակերպումը մեր տարածաշրջանն ապակայունացնող պատճառները չե՞ն։

Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունները մեկ նպատակ ունեն՝ բարձրացնել դիմադրության մակարդակը և ապահովել մեր ինքնիշխան տարածքների ամբողջականությունը», - գրել է Մարուքյանը։

  • Կիսվել: