հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Դա մեր կյանքը հեշտացնո՞ւմ է, թե՞ բարդացնում է, սա էլ է մտածելու հարց. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին

Դա մեր կյանքը հեշտացնո՞ւմ է, թե՞ բարդացնում է, սա էլ է մտածելու հարց. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին

Մենք այդ քարտեզներին չենք հասել բանակցություններով: Դա բանակցությունների թեմա չի եղել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման քարտեզներին:

«Երբ որ արձանագրվել է, դեռևս Պրահայում արձանագրվել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, մեր խնդիրն է եղել պարզել, թե Խորհրդային Միության փլուզման պահին իրավական ուժ ունեցող քարտեզը ո՞րն է, որո՞նք են քարտեզները, որոնք Խորհրդային Միության փլուզման պահին ունեն իրավական ուժ: Ոչ թե ավելի լավն են, ոչ թե ավելի վատն են, այլ Խորհրդային Միության փլուզման պահին ուժի մեջ գտնվող քարտեզները և եկել հասել ենք այս քարտեզներին»,- նշեց Փաշինյանը:

«Բայց հիմա դուք ի՞նչ գիտեք՝ ես, ասելով Քյարքի, ի՞նչ տարածք նկատի ունեմ, մեծ մասա՞մբ նկատի ունեմ, թե՞ փոքր մասամբ նկատի ունեմ: Դա սահմանազատման հետագա հարց է, էլ չեմ ասում՝ ես նախորդ հարցերից մեկին ի պատասխան ասացի՝ դեռ պարզ չի՝ ոնց կլուծենք այդ հարցերը: Կլուծենք ի՞նչ... Ընդհանրապես, մենք ուզո՞ւմ ենք, փոխադարձաբար, Ադրբեջանն էլ, մենք էլ, անկլավ-էքսկլավ ունենանք, թե՞ չենք ուզում: Դա մեր կյանքը հեշտացնո՞ւմ է, թե՞ բարդացնում է: Սա էլ է մտածելու հարց:

Եթե երկկողմ գանք այն եզրակացության, որ մեր կյանքը բարդացնում է, ուրեմն պետք է լուծումներ գտնենք: Եթե գտնում ենք, որ մեր կյանքը հեշտացնում է, ուրեմն ուրիշ լուծումներ պետք է գտնենք:

Ադրբեջանը, ասում եք, չի ընդունել, որ իրավահաջորդն է, էլի ուզում եմ ասել՝ մենք արդեն Ադրբեջանի հետ ունենք վավերացված պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որտեղ ընդգծվում է, այսինքն՝ երկու երկրներում վավերացված, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման համար բազային սկզբունք է: Եվ մենք ընդունել ենք անկախության հռչակագիր, որտեղ ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղությունը, և մենք ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, որ մենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ճանաչելով նախկին Խորհրդային Միության հանրապետության սահմանները՝ այս հենքի վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը:

Ինչ վերաբերում է ատամներին. այն, ինչ որ հանվել է, դա իրականում պրոթեզ է եղել: Եվ ես դա եմ Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ փորձում բացատրել: Այ, այն, որ ասում եք՝ այդ ատամները... Չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, բայց ինչ-որ կազմակերպություններ և գործընկերություններ, որ մեր իբր անվտանգությունը երաշխավորում էին և մեզ տարածաշրջանում իբր ուժեղի դիրքերում էին դնում, դա ատամ չէր, դա պրոթեզ էր: Եվ այդ պրոթեզը ես եմ հանել, բայց այդ պրոթեզի տակ կան փտած ատամներ, որոնց նյարդերը հանած չի, և որոնք ցավում են: Եվ այդ ատամների բուժմամբ եմ ես այս թվում... Այսօր «ատամնաբույժն արևելյան» արեցինք լրիվ»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: