չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Չկան այնպիսի արխիվային նյութեր, որոնք չեն ուսումնասիրվել. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Չկան այնպիսի արխիվային նյութեր, որոնք չեն ուսումնասիրվել. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Այսօր ԱԺ-ում ՛՛Գեոդեզիայի և քարտեզագրության մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ի պատասխան ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, որը վերաբերում էր սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի, քարտեզներին, ասաց, որ սահմանների դեմարկացիան, դելիմիտացիան կարող են սկսվել այն ժամանակ, երբ կլինի համապատասխան երկու պետությունների կողմից կազմված հանձնաժողովներ։

՛՛Այս պահին չկա կազմված հանձնաժողով, և այսքանով Կադաստրի կոմիտեի գործառույթը սահմանափակվում է միայն ներքին արխիվներում եղած որոշ իմաստով գաղտնի, որոշ իմաստով բաց նյութերի ուսումնասիրությամբ՛՛,-նշեց նա:

Թովմասյանը հավելեց, որ երբ որ կլինի համապատասխան հանձնաժողով, Կադաստրի կոմիտեն կանցնի իր կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների կատարմանը։

Խոսելով արխիվային նյութերի մասին՝ նա ասաց, որ կա մեկ կարևոր հանգամանք՝ չկան այնպիսի արխիվային նյութեր, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում չեն ուսումնասիրվել, դրանց վերաբերյալ որևէ տեղակատվություն չի ներկայացվել համապատասխան իրավասու լիազոր մարմիններին։

՛՛Այդ աշխատանքները ներկա դրությամբ էլ շարունակվում են, առկա են տարբեր ժամանակաշրջանների և տարեթվերի քարտեզներ, և Կադաստրի կոմիտեն չէ, որ պետք է իրավական հիմքերի մասին խոսի՛՛,-ասաց Թովմասյանը:

  • Կիսվել: