Չկա որևէ կարգավիճակ, որը թույլ կտա հայհոյել դիմացինին. Հովհաննիսյանը՝ ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպի մասին
Երբ ես երեկ դուրս եկա ԱԺ–ից, հանդիպեցի այդ քաղաքացիներին, որոնք ինձ տարբեր հարցադրումներ ներկայացրեցին և ես սիրալիր, բարեհամբույր պատասխանում էի բոլոր հարցերին, և զուգահեռ կողքից մարդիկ սկսեցին մուննաթ գալ, վիրավորական արտահայտություններ անել իմ խոսակցության ընթացքում։ Այս մասին, այսօր ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ մուտքի մոտ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին, որտեղ հնչել էին հայհոյանքներ։
«Ես ընդհատեցի խոսակցությունը, որովհետև զգացի, եթե շարունակվի այս խոսակցությունը, ապա լավ իրավիճակ չի լինելու։ Ես ներողություն խնդրեցի, ասեցի կներեք, ես այս պահին դադարեցնում եմ խոսակցությունը, որովհետև դուք էթիկապես ձեզ ճիշտ չեք պահում, ընդհանրապես կոռեկտության սահմաններից դուրս եք գալիս և հեռացա այդտեղից։ Ես ենթադրում եմ, որ մի քիչ երկար մնայի, միգուցե նույն իրավիճակի մեջ ընկնեի, ինչի մեջ ընկավ Ալեն Սիմոնյանը։ Ես կարծում եմ այդ մարդիկ սադրանքի են դիմել»,–ասաց նա։
ՔՊ–ականը վստահեցրեց, որ իրենք որպես պաշտոնյաներ ավելի հանդուրժող ու զուսպ են։
«Մենք առավել քան հանդուրժող ենք և առավել քան հոգատար ենք անհետ կորած մեր հայրենակիցների հարազատների նկատմամբ և նրանց հետ հարաբերություններում, ինչպես նաև մեր զոհված հայրենակիցների ծնողների հանդեպ։ Կարող են լինել տարբեր մարդիկ, որ դժգոհ մնան պրոցեսներից և չի կարող գոհ մնալ մի հարազատ, մի ծնող գործընթացից, երբ որ իր երեխան անհետ կորել է։ Մենք ամեն բան անում ենք այդ ծնողներին և հոգեբանական, և ընկերական, և պետական աջակցություն տալու համար, որքան որ կարող ենք»։
Ինչ վերաբերում է նրան, որ ծնողները 6 տարի լուր չունեն և բնական է, որ կարող են վրդովված լինել և վիրավորել, հայհոյել, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Որևէ մեկը որևէ մեկին չի կարող վիրավորել՝ անկախ նրա կարգավիճակից, ով ուզում է ինքը լինի։ Չկա որևէ կարգավիճակ, որը թույլ է տալիս մարդուն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել դիմացինի հասցեին»։
Նշենք, որ երեկ՝ մարտի 26–ին, ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինն էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել քաղաքացուն։ Միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։
Միջադեպից անմիջապես հետո քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասել էր. «Իհարկե, ով ինձ հայհոյում ա, պատասխանը տալիս եմ»։
Նա դիմել էր անհետ կորած զինծառայողների հարազատներին. «Շատ անգամ մենք հանդիպել ենք, եթե էս արարքը չդատապարտեք, էս մարդկանց գյամերը չքաշեք, ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսելու եմ, ոչ էլ։ Էդ լակոտը, էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել, այլեւս որեւէ շփում ձեզ հետ չեմ ունենալու»։
Ավելի ուշ միջադեպի մասին Ալեն Սիմոնյանը հայտարարել է հետևյալը. «Որեւիցե հայհոյանք չի եղել, «արա» բառից ավել որեւէ բան չի եղել, երբ որ սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին եւ սադրել։ Այնուհետեւ նա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ես իրեն պատասխանեցի եւ փորձեցի հեռանալ»։


