Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու արժանահավատ ահազանգ․ Իոաննիսյան
Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու արժանահավատ ահազանգ։ Այս մասին գրել է «Անկախ դիտորդ» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը․
«Հաշվարկն իրականացնող ընտրական հանձնաժողովների անդամների հալալ կեսը (8–ից 4–ը) ընդդիմությունից է նշանակված։ Բոլոր տեղամասերում եղել են հիմնական ընդդիմադիր ուժերի վստահված անձինք։
Համարյա բոլոր տեղամասերում եղել են դիտորդներ կամ լրագրողներ։ Տեղամասերի տեսախցիկների մոտ 98 տոկոսը նորմալ աշխատել են։ Որևէ տեղամասից չկա գոնե մեկ վստահված անձ, դիտորդ, հանձնաժողովի անդամ, ով քվեարկության արդյունքների կեղծման մասին հասցեական ահազանգ կտա։ Չկա։ Չկա նաև նման բանի մասին վկայող որևէ տեսանյութ։ Չկա։ Այս ընտրությունների մասին շատ բան կարելի է ասել։
Բայց գեթ մեկ քվե չի կեղծվել։ Հ․Գ․ Կարող են լինել դեպքեր, որ հանձնաժողովը խնդրահարույց կերպով է անվավերություն որոշել, կարող են լինել տեխնիկական վրիպակներով համակարգ մուտքագրված արձանագրություններ։ Այդ ամենը առաջիկա օրերին կպարզվի ու կշտկվի։
Հենց այդ շտկումների համար է նախնական ու վերջնական արդյունքների տարբերությունը։ Եթե որևէ ուժ համարում է, որ որևէ տեղամասում հաշվարկի ժամանակ խախտում է եղել, առաջարկում եմ դիտել այդ տեղամասի հաշվարկի ամբողջական տեսագրությունն ու դիմել վերահաշվարկի»։



